Կոտայքի մարզում հրաժարականները շարունակվում են: Նորանշանակ մարզպետի պաշտոնավարումից շուրջ մեկ ամիս անց հրաժարական ներկայացրեց Հրազդանի քաղաքապետը, հիմա էլ հերթը գյուղական համայնքների ղեկավարներինն է: Հրազդանի տարածաշրջանի Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանբ ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել, որն էլ արձանագրել է այն եւ, օրենքով սահմանված կարգով, ներկայացրել մարզպետին: Նշենք, որ Բադալ Սարգսյանը մարզի երկարակյաց գյուղապետերից էր:

Օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Արզական գյուղի վարչական ղեկավար Նորիկ Մովսեսյանը: Նա գյուղը ղեկավարում էր 2002 թվականից: Նախորդ տարվա նոյեմբերին խոշորացման ծրագրով գյուղը միացել է Չարենցավան համայնքին՝ դառնալով վարչական միավոր: Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից առաջնայինը խմելու եւ ոռոգման ջրի հարցն է: Հենց այդ առիթով էլ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 26-ին Արզականի բնակիչներին հանրային լսումների է հրավիրել:

Շարունակելով ցանկը՝ նշենք, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Ակունք համայնքի Նոր գյուղ վարչական միավորի ղեկավար Գրիշա Թադեւոսյանը:

Վերադառնալով Հրազդանի քաղաքապետին. Արամ Դանիելյանի լիազորությունները դադարեցնելու համար հուլիսի 2-ին ավագանու արտահերթ նիստ է գումարվելու:

Ի դեպ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներ անցկացնելու համար դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: