Այսուհետեւ գործատուն կարգապահական տույժ կիրառելուց առաջ պետք է ունենա աշխատողի գրավոր բացատրությունը: Կառավարությունն այսօր՝ հունիսի 28-ի նիստում հավանություն տվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենսդրական առաջարկությանը, որով նախատեսվում է փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում եւ սահմանել, որ գործատուի կողմից մինչեւ կարգապահական տույժ կիրառելը աշխատողից բացատրություն պետք է վերցնել միայն գրավոր ձեւով, մինչդեռ գործող օրենսդրությամբ դա կարող է արվել նաեւ բանավոր կերպով:

Հարցը կառավարությունում ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ով նշեց, որ նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ նոր կարգավորմամբ կարգապահապան տույժի բողոքարկման ժամանակ աշխատողից գրավոր բացատրություն պահանջելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է գործատուն, իսկ գործող կարգով այդ բացատրությունը կարող է լինել բանավոր, որը տալիս է չարաշահումների տեղիք:

«Դատական պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ գործատուն պարտավոր չլինելով աշխատողից ունենալ բացատրության վերաբերյալ գրավոր ապացույց, եւ որպես դրա ապացույց վկայակոչում է իր մյուս աշխատողների ցուցմունքը, իսկ վերջիններս աշխատանքային կախվածություն ունենալով գործատռուից, երբեմն պատրաստ են լինում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: Դրանով խախտվում է աշխատողի լսված լինելու իրավունքը»,-ընդգծեց նախարարը: