Մեր զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

Պարոն Բաբայան, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղաշարժերին ու կուտակումներին, հայտարարել էր, որ հակառակորդը նախապատրաստվում է ինչ-որ գործողությունների։ Այս պահին ինչպիսի՞ն է իրավիճակը։

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս տարվա ապրիլից հակառակորդն իր երկրի խորքից դեպի սահմանային շրջաններ է տեղափոխել բազմաթիվ ստորաբաժանումներ։ Առ այսօր այդ ստորաբաժանումները հետ չեն քաշվել։ Բացի այդ, նրանք իրականացնում են զորավարժություններ, տեղաշարժեր, զորահանդես են կազմակերպում, Իլհամ Ալիևը, պաշտպանության նախարարն անընդհատ հայտարարում են հարձակման մասին, Արցախի Հանրապետությունը ոչնչացնելու պատրաստակամության մասին։ Բնական է, որ այս ամենը պետք է մենք ընդունենք որպես լուրջ զարգացում և պատրաստ լինենք ամեն ինչի։ Բայց հավանականությունը և չափը, թե որքանով հակառակորդը կմոտենա կարմիր գծին, կհամարձակվի՞ արդյոք խախտել այդ կարմիր գիծը, կախված է մի շարք հանգամանքներից։ Առաջին հերթին նա միշտ պետք է իմանա, որ մենք ուժեղ ենք։ Եթե նա կորցնի այդ զգացումը, ինչպես կորցրել էր 2016-ի ապրիլին, ապա բնական է, որ կդիմի արկածախնդրության։ Իսկ եթե միշտ զգա, որ մենք ուժեղ ենք, հասկանա, որ ցանկացած արկածախնդրություն շատ ծանր է նստելու իր վրա՝ բարոյական, նյութական, մարդկային կորուստների առումով, նա չի դիմի այդ քայլին։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է միջազգային հանրության հավաքական դիրքորոշումը, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության, որոնք նաև հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից երեքը։ Հետևաբար, այս երկու գործոնները զսպիչ են ագրեսորի համար։ Մենք, իհարկե, մեր կողմից ամեն ինչ անում ենք, համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում ռազմական նախաձեռնողականությունը մեր ձեռքում պահելու համար։ Սա է իրավիճակը։ Սրանք շահարկումներ չեն կամ PR-ի համար արվող քայլեր չեն։ Սա այն է, ինչ կա։ Չեմ կարծում, որ բարոյականության տեսանկյունից էլ այդ հարցերը ճիշտ է շահարկել։

Վերջերս Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ամերիկյան Bell 412 ռազմական ուղղաթիռներ։ Մենք պատրա՞ստ ենք դիմակայելու նման տեխնիկայի։

Մենք պատրաստ ենք, ունենք համարժեք զինատեսակներ, և առ այսօր հավասարակշռվածությունը պահպանվում է, դեռ մի բան էլ ավելին։ Ընդհանուր առմամբ, իհարկե, շատ տհաճ են այսպիսի զարգացումները։ Մենք ընդհանրապես հայտարարել ենք, որ որևէ երկիր նույնիսկ պարսատիկ չպետք է վաճառի Ադրբեջանին։ Բայց տեսնում ենք, որ բիզնեսը շարունակվում է այս ձևով։ Բելառուսի քայլը մեզ համար տարօրինակ է, որովհետև բարոյական տեսանկյունից, ֆաշիզմից ամենաշատը տուժած երկրներից մեկը՝ Բելառուսը, երբ սատարում է մեկ այլ ֆաշիստական երկրի, դա նաև սեփական պատմության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է։ Բայց եկեք մի կողմ դնենք այդ զգացմունքային պահը և արձանագրենք, որ ունենք այն, ինչ ունենք։ Որպեսզի միշտ հավասարակշռվածությունը պահպանենք, պետք է շարունակենք արդիականացնել մեր զինված ուժերը և համապատասխան զինատեսակներով հագեցնենք մեր բանակը։

Ձեր կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պե՞տք է անդրադառնան Մինսկի կողմից Բաքվին զենքի վաճառքին։

Շատ կարևոր է, որ անդրադառնան այդ հարցին։ Եվ ոչ միայն եռանախագահները, այլև միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները և այլն։ Չի կարելի ահաբեկչական երկրին զենք մատակարարել, որովհետև այդ զենքը մի օր օգտագործվելու է նույն Բելառուսի, միջազգային հանրության դեմ, որովհետև այդ զենքը կարող է վերավաճառվել ահաբեկիչների, ինչպես անում է Ադրբեջանը։ Ադրբեջանական բանակի զինծառայողները համագործակցում են տարբեր գրոհայինների հետ Սիրիայում, Իրաքում և այլն, կորուստներ են հասցնում քաղաքակիրթ աշխարհին, ու սա փաստ է։ Մենք իրոք, ակնկալում ենք միջազգային հանրության կողմից շատ կոշտ վերաբերմունք ոչ միայն այդ զենքի վաճառքի հետ կապված, այլ նաև ընդհանրապես Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը։

Արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է ռուսական զենքից։

Ադրբեջանը որևէ մեկից կախված չէ զենքի մատակարարման տեսանկյունից։ Նա մատակարարման տարբեր աղբյուրներ ունի։ Օրինակ՝ վերջերս գրված էր, որ գերմանական որոշ զենք արտադրողներ մտադիր են զենք վաճառել Ադրբեջանին։ Պակիստան, Թուրքիա, Բելառուս, Իսրայել, տարբեր այլ երկրներ զենք են վաճառում Ադրբեջանին։ Մի կողմ դնենք բիզնես շահերը, բայց Ադրբեջանը այն երկիրն է, որը իրոք ահաբեկչական է և պետք է զերծ մնալ նման քաղաքականությունից։ Մենք տեսնում ենք, որ վերջերս Ռուսաստանը չի վաճառում այդ զենքը Ադրբեջանին, ինչը ողջունելի է և հույս ունենք, որ նույն քաղաքականությունը կշարունակվի։ Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է ամեն ինչ անեն, որ Ադրբեջանը գոնե ինչ-որ ձևով կառուցողական հուն մտցնեն, որովհետև եթե այսպես շարունակվի, դա միմիայն բարդացնում է գործընթացը և իրենց աշխատանքին էլ է վնաս։

Ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ն է ներքաղաքական իրավիճակն Արցախում։

Արցախում ներքաղաքական իրավիճակը միշտ էլ հանդարտ է։ 1-2 հոգու կողմից փորձ է արվում ցույց տալ, որ այստեղ ճգնաժամ է, ինչը սխալ և անլուրջ է։ Դա բոլորը լավ հասկանում են։ Մեր երկիրն ազատ երկիր է, և յուրաքանչյուր մարդ օրենքի սահմաններում իրավունք ունի իր կամքն արտահայտել, և սխալ կլիներ որևէ մեկի խոսքի ազատությունը սահմանափակել։ Ի վերջո, Ղարաբաղյան շարժումը ոչ միայն ազատագրական էր, այլև մարդու իրավունքների և ժողովրդավարության համար պայքար էր, բայց դա չի նշանակում, որ 1-2 հոգի կարող են ասել, որ ճգնաժամ է և իրենց կամքը պարտադրել ողջ հասարակությանը։ Դա ուղղակի անհնարին է։ Այո, կան հավաքներ, որոնց շատ քիչ մարդ է հավաքվում՝ 5-6։ Նույնիսկ եթե մեկ մարդ է հավաքվում, էլի իրավունք ունեն, բայց դա ճգնաժամ չէ։ Գուցե դա ճգնաժամ է որոշ մարդկանց համար, որոնց համար անակնկալ էին վերջին զարգացումները, բայց ընդհանուր առմամբ, վիճակը չափազանց հանգիստ է, այնպես ինչպես յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում։

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am