Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն արձագանքել է ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի գրառմանը, որի իբր կրթության նախարար Արայիկ Հարությունյանը ցանկանում է Մանուկյանին տնօրեն նշանակել, ինչպես նաև Մանուկյանին անվանել է Հարությունյանի հովանավորյալ:

«Միշտ փորձել եմ խուսափել սկանդալներից՝ դրանք համարելով թույլ մարդու զբաղմունք կամ օրհասական վիճակի հասած անօգնական քայլ։ Առավել ևս՝ երբեք չեմ ցանկացել, որ սկանդալները, «շոուները» լինեն Հայոց ցեղասպանության թանգարանի շուրջ՝ շատ լավ հասկանալով մեր ժողովրդի համար այդ հաստատության նշանակությունը։

Ցավոք, որոշ մարդիկ այս սրբավայրը շարունակաբար ծառայեցնում են սեփական պաշտոնի իրենց քաղցը լրացնելու և անձնական խնդիրներ լուծելու համար։

Այսօր տեղեկացրեցին, որ «Ժողովուրդ» օրաթերթում ՀՑԹԻ-ի նախկին տնօրեն Հ.Դեմոյանն իմ անունն է նշել իր գրառման մեջ հիշատակված ԿԳՆ-ի «հովանավորյալի» դերում։ Եվս մեկ անգամ փորձեցի ընթերցել նրա ֆեյսբուքյան գրառումը։ Փորձեցի, քանի որ գրելաոճը, զզվանքից բացի, ոչ մի այլ զգացում չի առաջացնում։ Ասեմ, որ ինձ վերաբերող հատվածում «դոկտոր» Դեմոյանը մի քանի բացահայտ սուտ տվյալ է գրում, հիմնվելով իր վատ երեւակայության վրա:

ա. ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին ճանաչում եմ որպես արաբագետի, ինչպես եւ այս ոլորտում ներգրավված տասնյակ այլ գիտնականների եմ ճանաչում, սակայն երբեք մոտ ընկերական հարաբերություններ չեմ ունեցել։ Նրա հետ երբեք չեմ եղել Դամասկոսում։ Հ. Դեմոյանը ստում է։

բ. Սուտ է, որ Թանգարան աշխատանքի չեմ գնացել հինգ ամիս։ Գնացել եմ մշտապես՝ բացառությամբ գործուղումների ժամանակ երկրից բացակայելու ընթացքի, յուրաքանչյուր ամիս երբեմն բացակայել եմ մի քանի օր՝ այլ գրադարաններում աշխատանք իրականացնելու, դասախոսություններ (բոլորն էլ վերաբերել են բացառապես իմ մասնագիտությանը՝ Ցեղասպանագիտությանը) կարդալու պատճառով, որոնց համար ստացել եմ ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնակատար Գ.Վարդանյանի թույլտվությունը, ինչի վկայությունն է նաեւ այն, որ նրանից երբեք չեմ ստացել ոչ բանավոր, ոչ գրավոր նկատողություն, ինչպես նաեւ ՀՑԹԻ-ի հաշվապահը չի ստացել նրանից հրահանգ իմ աշխատավարձից պահումներ անելու վերաբերյալ։ Հ. Դեմոյանը ստում է։

գ. Երբ գրում է «իրենց ընկերոջ ու հովանավորյալի կողմից իրականացված այլանդակությունների» մասին, ապա թող բարի լինի կամ մանրամասնել կամ իրավապահ մարմիններ դիմել, ինչի փորձը նա ունի՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ ինձ վրա ոստիկանություն ուղարկելով նույն ծիծաղելի հիմնավորմամբ, թե «զավթել եմ իր աշխատասենյակը», երբ, իր իսկ համաձայնությամբ, ԳԱԱ-ի հրամանով նշանակված էի ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնակատար։

դ. Ասում են, որ մարդ միշտ ուրիշներին չափում է իրենով։ Դրա համար Հ. Դեմոյանը, ով իր ամբողջ կյանքում սրա-նրա հովանավորյալն էր, հիմա էլ նման երեւույթ է փնտրում մի տեղում, որտեղ դա չկա։ Հ.Դեմոյանը ստում է։

ե. Եվ վերջապես, այսօրվա «Ժողովուրդ» թերթում նա հնչեցրել է մի միտք, թե, իբր, ես ուզում եմ դառնալ Թանգարանի տնօրեն։ Ահա այստեղից էլ պետք էր ամեն ինչ սկսել։ Դեմոյանի ոչ ադեկվատ երեւակայությունը վերագրել է ինձ մի բան, որը երբեք չի եղել։

Բազմիցս, բազմաթիվ տեղերում, տարբեր հանդիպումներում հնչեցրել եմ, որ չեմ ցանկանում դառնալ ՀՑԹԻ-ի տնօրեն։ Դա արել եմ նաեւ աշխատակազմի առաջ՝ մի քանի անգամ։ Զարմանում եմ, որ թանգարանում արտաբերվող ամեն մի խոսքն այս 9 ամիսների ընթացքում իրեն ԱՄՆ հասցնող մարդիկ չեն հաղորդել նաեւ այս մասին։ Երեկ նույն հարցին պատասխանել եմ «Արմենիա» եւ «Ազատություն» հեռուստաընկերությունների լրագրողների, ինչպես նաեւ բազմաթիվ մարդկանց համար, ովքեր Թանգարանը վարկաբեկող Հ. Դեմոյանի երեկվա խայտառակ նամակից հետո զանգահարել կամ գրել են ինձ՝ խնդրելով առաջադրել իմ թեկնածությունը։ Հանգստացիր, Հա՛յկ, կարծում եմ՝ առանց ինձ էլ, անկասկած, ավելի արժանավոր թեկնածուներ կգտնվեն ՀՑԹԻ-ն ղեկավարելու համար։

զ. Եվ վերջինը՝ չեմ ուզում այլեւս ներքաշված լինել այս տհաճ և մեր ժողովրդին ու Ծիծեռնակաբերդին անվայել սկանդալի մեջ։ Հայկ Դեմոյանին խորհուրդ կտամ մտածել, ինչպես է դուրս գալու իր հնչեցրած սուտ ու անհիմն մեղադրանքներից ու ակնարկներից, այլապես երեւի լավ հասկանում է, թե իր ողջ կյանքում ինչ պիտակ է կրելու Հայաստանում, որտեղ նման խոսքերի համար պետք է կարողանաս հիմնավորված պատասխան տալ։ Խնդրում եմ ԿԳՆ-ին, ՀՑԹԻ-ի Հոգաբարձուների խորհրդին եւ բոլոր իրավասու մարմիններին՝ ՀՑԹԻ-ի տնօրենի թափուր պաշտոնի հարցին շուտափույթ լուծում տալ, այլապես հենց նման շահարկումներն ու անառողջ աղմուկն են, որ լուրջ սպառնալիք են դառնում Թանգարանի բնականոն գործունեության համար։ Համբերություն բոլորիս»,- նշել է Սուրեն Մանուկյանը։