Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը վստահեցնում է, որ ինքը 1997 թվականին վիճել է հորեղբոր՝ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ, իսկ 2007 թվականից հետո ոչ մի կապ չի ունեցել նրա հետ: Այս մասին այսօր` հունիսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է Զարզանդ Գրիգորյանը:

«Իմ հարսանիքից հետո նվերների հետ կապված վեճ է եղել մեր ու Մանվել Գրիգորյանի միջեւ, որից հետո մեր հարաբերությունները վատացել են, այնուհետեւ՝ 2007 թվականից հետո, մեր մեջ կապ չի եղել. ո՛չ հարսանիք, ո՛չ թաղում ենք գնացել»,-վստահեցրել է նա:

Արշալույսի գյուղապետը նշել է, որ բոլոր գյուղացիներին հավասար չափով օգտակար է եղել, եւ իր դեմ այս բողոքի ակցիաները սկսել են Էջմիածնում Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերից հետո:

«Հապետն ինձ ասեց, որ հենց Էջմիածնում այդ ցույցերը սկսեն, մենք էլ քո հրաժարականն ենք պահանջելու, վերեւից դաբրո կա, ասում է՝ արի դագավոր անենք, դագավորով աշխատենք: Ես ընդունվել եմ, բարեխիղճ աշխատում եմ»,- ասել է գյուղապետը: Նրա խոսքով՝ իրեն մեղադրում են գյուղում խմելու ջուր չանցկացնելու համար, սակայն փոխանցված գումարն իրեն չի հասել, մինչ իր պաշտոնավարումն է եղել:

Նա հավելել է, որ իր դեմ բողոքող գյուղացիներն իրեն անպատիվ բառերով վիրավորում են, ինչի առիթով պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին:

«10-15 օր այս պրոցեսը գյուղում գնում է, ոչ մեկ չասեց, թե պարոն Գրիգորյան շնորհակալ ենք ձեզանից, ես նույնիսկ գեներալ Մանվելի դեմ եմ դուրս եկել»,- սրտնեղել է նա:

Զարզանդ Գրիգորյանը գյուղացիներին առաջարկել է սպասել մինչեւ հոկտեմբեր, որ ընտրություններ լինեն, սակայն գյուղացիներն իրեն ասել են, որ հրաժարական տա եւ գյուղն էլ լքի:

Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Նա Արշալույս համայնքը ղեկավարում է 2008 թվականից: