Lragir.am-ը գրում է.

Բաքվում ադրբեջանական զինուժի հարյուրամյակին նվիրված զորահանդեսի հաջորդ օրը Իլհամ Ալիեւը մի քանի կարգադրություն է ստորագրել, որոնք վերաբերվում են ռազմական դրությանը: Մասնավորապես, ԶԼՄ-ների գրաքննության ու ռազմական գործողությունների գոտուց պատմամշակութային հուշարձանների տեղափոխման վերաբերյալ:

Ադրբեջանը շարունակում է կուտակումները շփման գծում, ինչպես ռազմական մասնագետներն են ասում՝ վերափոխում է նաեւ դիրքերը՝ պաշտպանականից այն հարմարեցնելով հարձակողականի: Հուլիսին պլանավորված է լայնածավալ զորավարժություն:

Միունույն ժամանակ, Ադրբեջանը ընդլայնում է սպառազինության գնման աշխարհագրությունը, եւ ըստ վերջին տեղեկությունների՝ նոր մատակարարների շարքում կարող են հայտնվել ԱՄՆ-ն ու Գերմանիան:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակը պատրաստ է ռազմական գործողություններին եւ սպասում է գերագույն գլխավոր հրամանատարի հրամանին, երբ էլ այն լինի:

Ալիեւը ավելի է կոշտացրել իր հռետորաբանությունը, հիմա կարգավորման բանակցություններից գրեթե չի խոսում:

Բանակցային գործընթացն ու ռազմական գործողությունները որքան էլ կապված են, այն առումով, որ բանակցության դեպքում տրամաբանական է, որ դրանք չսկսվեն, այս պարագայում սակայն այդ կապը քիչ ինչ հարաբերական է: Ադրբեջանին բանակցությունները որպես այդպիսին պետք չեն, դրանք ռազմական գործողությունների չվերսկսման «ալիբի» են սեփական հանրության առջեւ: Ալիեւին բանակցությունը պետք էր որպես իր «հաղթական քաղաքականության» ցուցադրման ասպարեզ: Ադրբեջանը մերժում է որեւէ զիջում, առավել եւս Ղարաբաղի կարգավիճակի հարցում:

Վիեննայի օրակարգից հետո Հայաստանի նախկին իշխանությունը իրավիճակը «վերադարձրեց» նախկին տրամաբանությանը, գնալով առանց նախապայմանի բանակցության եւ Ալիեւին հնարավորություն տալով պահել դեմքը: Նոր իշխանությունը հայտարարել է, որ Արցախի փոխարեն չի բանակցելու, այլ միայն՝ Հայաստանին վերաբերվող հարցերով, եւ բանակցություններն անիմաստ են, եթե Ադրբեջանը պատրաստ չէ քննարկել Վիեննայի օրակարգն ու Արցախի կարգավիճակը: Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ բանակցությանը պետք է գնալ ամեն ինչ պահանջելով:

Այս պարագայում, Ալիեւի համար բանակցությունը որպես իր «հաղթողական քաղաքականություն» անիմաստ է դառնում, եւ մնում է միայն պատերազմի մասին խոսելը:

Այս առումով, Ալիեւը հայտնվել է չափազանց բարդ իրավիճակում, նա այնքան է բարձրացրել Ադրբեջանի պահանջների նշաձողը, որ նահանջի ճանապարհ չունի: Պետք է ասել, որ դրան նպաստել է Ռուսաստանի պահվածքը. Տարիներ շարունակ Ադրբեջանը փորձում էր հասկանալ, թե հնարավոր է արդյոք Ռուսաստանի միջոցով հասնել իր խնդիրների լուծմանը: Այդ համոզմանը հանգելուց հետո էլ Ադրբեջանը գնաց ապրիլյան արկածախնդրությանը, որից հետո էլ հայտնվեց քաղաքական ու դիվանագիտական ծուղակում: Ի դեպ, նաեւ Ռուսաստանը:

Պատերազմը սկսելը խնդրահարույց է Ադրբեջանի համար: Ադրբեջանը ռազմական գործողություններ չի սկսի առանց արտաքին հստակ երաշխիքների: Ավելի պարզ ասած՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի երաշխիքների, որ պատերազմը կլինի «կառավարելի», եւ չի ունենա անկանխատեսելի ընթացք: Դրա համար անհրաժեշտ է նաեւ Հայաստանի «երաշխիքը», ինչպես ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ, որ հայկական կողմը կանգ կառնի անհրաժեշտ պահին:

Դա թյուրքական սովորույթն է՝ ծառայություններ մատուցել գերտերություններին՝ պատերազմի իրավունք ստանալու համար: Էրդողանն, օրինակ, ասում էր, որ Սիրիայում նույնիսկ մի կրակոց էլ չեն արել առանց Ռուսաստանի գիտության:

Ներկայում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի երաշխիքները կարծես թե չկան: Մյուս կողմից, Հայաստանի պարագայում նույնպես չկան երաշխիքներ, եւ զուր չէ, որ Ալիեւը Մոսկվայում ամեն ինչ արել է, որ չհանդիպի Փաշինյանին:

Մոսկվայում ուշագրավ խոսակցություն է եղել Ալիեւի ու Պուտինի մջեւ: Պուտինն ասել է, թե հիմա ֆուտբոլ է, իսկ լուրջ հարցերի մասին կխոսեն օգոստոսի վերջին, Ալիեւի այցի ժամանակ:

Արդյոք Ալիեւը մեկնելու է պատերազմի «երաշխիքի» հետեւից: Հայկական կողմը հայտարարել է, որ հետեւանքները շատ ծանր են լինելու Ադրբեջանի համար, եւ պատրաստ է ցանկացած սցենարի:

Նյութի աղբյուրը` Lragir.am