«Փաստ» թերթը գրում է. «Որոշ նախարարներ լրատվամիջոցներով երևալու յուրօրինակ մրցման մեջ են: Դա անզեն աչքով էլ նկատելի է: Ավելին, նրանք այդ մրցավազքի մեջ հաճախ ժամանակ չեն ունենում զբաղվել իրենց հիմնական գործով:


Բանն այն է, որ նրանք հրապարակային գործելաոճ որդեգրելու հստակ հրահանգ են ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից և սկսել են իրար հետ մրցակցել, թե ով ավելի լավ կկատարի շեֆի հրահանգը: Մեր ունեցած տեղեկություններով, այդ մրցակցությունն ավելի է ուժեղացել, երբ պարզվել է, որ Փաշինյանին պարբերաբար ներկայացնում են զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում նախարարների ակտիվության ցուցանիշի առումով մոնիթորինգի տվյալները:

Երեկ գնահատման համակարգերից մեկը հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց լուսաբանման առումով «առաջամարտիկը» կրթության և գիտության նախարարն է, նրան հետևում են արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Մեր աղբյուրները պնդում են, որ սոցցանցերում պատկերը փոքր-ինչ այլ է, և հենց այս երկուսի համադրությամբ իրավիճակն էլ ներկայացվում է վարչապետին: Արդյունքում նախարարական մրցավազքը հաճախ ուղղակի կատաղի բնույթ է ստանում՝ իրենց իսկ շեղելով բուն գործից»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: