Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել է խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ զանգվածային հոսանքազրկման պատճառը Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարն էր:

Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարություն հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:

Առանց հոսանքի մնացած քաղաքների շարքում էին նաև Սումգայիթը, Շիրվանը, Գյանջան, Զագաթալան և այլն:

Ժամեր անց միայն հոսանքազրկված քաղաքների, այդ թվում և Բաքվի որոշակի շրջանների էլեկտրականությունը վերականգնվել է: