Hraparak.am-ը գրում է.

Մինչև Փաշինյանի իշխանության գալը երբ անընդհատ գրում էինք, որ մեր պաշտոնյաների տղաները բանակում չեն ծառայել, դա սկանդալային, աղմկահարույց չէր։ Սովորական բան էր։

Բայց այսօր սկանդալային, աղմկահարույց է, երբ նոր իշխանություններն ասում են՝ աղմկահարույց բացահայտումներ կլինեն. ՀՀԿ-ական մի շարք հայտնի անձանց որդիները չեն ծառայել բանակում։

Դրա մեջ ինչ նորություն կա։ Ի՞նչ բացահայտում կա, որ հանրությունը չի իմացել։ Բոլոր հին պաշտոնյաների անուններն անգիր գիտենք, որոնց տղաները բանակում չեն ծառայել։

Նրանք էլ, ինչպես այսօրվա իշխանության պաշտոնյաները պատճառաբանում են, որ օգտվել են տարկետման իրավունքից։ Կամ էլ այլ փաստաթղթեր են «աչքներս խոթում»՝ տեղը տեղի՜ն, օրինակա՜ն․․․

Հիմա հարցնում եմ՝ հին իշխանության համար դա աղմկահարու՞յց է, նորերի համար նորմա՞լ։ Բանակում չծառայելու բացահայտումները նոր իշխանությունը լավ կանի իրենից սկսի․․․Իր նոր նշանակած նախարարներից, պաշտոնյաներից։

Դա գերազանց կլինի, թող ինքը իր օրինակով ցույց տա, թե քանի նոր նշանակված է բանակում ծառայել։ Է՜, որ նրանք տարկետման իրավունքից օգտվել կամ հիվանդ են, հանրապետականին ինչու՞ են մեղադրում, որ նույն բանն արել են։

Սեյրան Սարոյանի տղայի հարցն է անընդհատ արծարծվում՝ ինչու՞ է տղադ բանակից ազատվել․․․Մենք նույն բանը հարցնում էինք, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ պատգամավոր էր։

Վերջը, երբ մի օր Ազգային ժողովում լրագրողները Սարոյանին «պատին դեմ տվին», չդիմացավ, ասաց՝ սիրտը վիրահատել են:

Մարդը չէր ուզում ասել, հասկանալ կարելի է։ Լրագրողին էլ ասաց․«Հիմա որ ասեմ, դուրդ եկա՞վ: Ինձ էլ վատ վիճակի մեջ ես դնում: Ի՞նչ պարտադիր ա, որ իմանաք իմ տղեն ինչի չի ծառայել»:

Հիմա նույն հարցը կարո՞ղ ես տալ նոր իշխանության պաշտոնյաներից մեկին։ Իրենցը օրենքո՜վ է, օրինակա՜ն, քեզ հում- հում ֆեյքերով կուտեն։

Գիտե՞ք այս ամենն ինչի է նմանվում։ Երբ վառարանը չեն ուզում հանգի և մեջն անընդհատ փայտ են գցում։

Հանրությունը վառարան է դարձել, մեջը անընդհատ փայտ են գցում, որ կրակը չհանգի։

Ոչինչ, որ տապից խեղդվում, շնչահեղձ ենք լինում, կարևորն այն է, որ վառարանը տաք լինի, չսառի։ Հասմիկ Բաբաջանյան/ Hraparak.am