«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը մինչև հուլիսի 25-ը ՀՀ հատուկ քննչական ծառայություն չի ներկայանա և չի հարցաքննվի: Բանն այն է, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով դեռ որպես վկա հարցաքննվելու:

Մեր հարցմանն ի պատասխան ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանի իրավական թիմի ղեկավար ներկայացած Սարգիս Գրիգորյանը ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ ծանուցումը պատշաճ կարգով ստացել են, բայց միաժամանակ նշել, որ Քոչարյանը գտնվում է Եվրոպայում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ: Թե ինչ քայլեր է ձեռնարկելու ՀՔԾ-ն այս իրավիճակում, մեզ ճշտել չհաջողվեց:

Օրեր առաջ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը՝ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգը տապալելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հետախուզում հայտարարվել: Մեր զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Միքայել Հարությունյանը լքել է երկիրը: Չի բացառվում, որ առաջիկայում մեղադրյալների շրջանակը մեծանա: Այս գործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է նաև Սեյրան Օհանյանը. նա 2008 թվականին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է եղել»: