ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է ՀՔԾ ծանուցագիրը՝ վկայի կարգավիճակով Մարտի 1-ի գործով հարցաքննությանը ներկայանալու համար։

Քոչարյանը, հիշեցնենք, այս պահին ունի վկայի կարգավիճակ. նրա պաշտոնավարման ընթացքում պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը՝ մեղադրյալ է։ Վերջինս մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան, թե մտավախություն չունե՞ն, որ Ռոբերտ Քոչարյանին կարող են ներգրավվել որպես կասկածյալ և մեղադրյալ, ասաց.

«Ստացվում է, որ սահմանադրական կարգ է եղել, որի կրողը եղել է հաղթած ընդդիմությունը, որը չի հաստատվում ո՛չ ԿԸՀ որոշումներով, ո՛չ ՍԴ որոշումներով։ Պաշտպանության նախարարությունն էլ այդ կարգը նոր սահմանադրական ինստիտուտ ստեղծելով տապալել է։ Սա ծաղր է օրենքի նկատմամբ»։

Վիկտոր Սողոմոնյանը վկայակոչելով իր գործընկերներից մեկի խոսքերը, ասաց թե չի հավատում, որ այդ եզրակացությունը գրել է իրավաբանը։

Ինչ վերաբերում է բանակը քաղաքական գործընթացներում օգտագործելու վերաբերյալ խոսակցություններին, Վ. Սողոմոնյանն ասաց.

«Սահմանադրությունն ամեն մեկը կարդում է այնպես, ինչպես ուզում է տեսնել, այդ սահմանադրության մեջ տեսնում է այն, ինչն ուզում է տեսնել»։

Նա հորդորեց ուշադիր կարդալ 2005 թվականի սահմանադրությունը, մասնավորապես՝ զինված ուժերին վերաբերող հատվածը, նախագահի լիազորությունները, համադրել փաստահավաք խմբի փաստերի հետ։

«Կտեսնեք, որ ակնհայտ փաստեր ուղղակի անտեսված են։ Այսինքն՝ պարզապես հարմարեցում է տեղի ունեցել այն քաղաքական նպատակներին, որ փաստահավաք խումբը հետապնդել է։ Իսկ այդպիսի նպատակներն ակնհայտ են, դրանց գոյությունը քննարկումից դուրս է։ Չկա այնպիսի հարց, որը կստիպի մեզ անհանգստանալ», - ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Նա հերքեց նաև Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ կարողություններ ունենալու լուրերը.

«Ըստ մամուլի, իրեն են պատկանում բոլոր բանկերը՝ բացի HSBC-ից»։