Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով վերջին շրջանում աղմկահարույց բացահայտումներին, ասաց, թե ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվում, որ գնան ու խոշոր բացահայտումներ անեն, խնդիր է դրվում, որ պետք է լինի օրինականություն:

«Մարդկանց թվում է, թե կառավարությունում մենք ասում ենք` «ահա, այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին և գնում են բերման ենթարկելու»: Այդպես չէ: Եղել է քաղաքացի, ով եկել դիմում է գրել ինձ, որ «ես այսպիսի պրոբլեմի առաջ եմ կանգնել, իմ ձեռքից այդ նկարները խլել են», ես մակագրել եմ ԱԱԾ: ԱԱԾ-ն հրավիրել է քաղաքացուն, նա հաղորդում է տվել հանցագործության մասին և գործին ընթացք է տրվել»: Հետո ասում են` «վա՜յ, բռնեցին` ազատ արձակեցին»:

Դա պետք էլ ավելի վստահություն ներշնչի, որ եթե կոնկրետ գործով կան կոնկրետ ապացույցներ, դա իրացվում է, եթե չկան ապացույցներ, չի իրացվում: Այսինքն՝ մարդկանց ձերբակալելն ինքնանպատա՞կ է: Կոնկերետ երկու դեպքով, երկու շատ հիմնավոր պարագայով բերման են ենթարկվել և երբ ստուգվել են փաստերը, այդ պահին ձերբակալելու որոշում կայացնելու կամ որևէ այլ կարգավիճակ տալու օրինական հիմք չի եղել: Որևէ մեկը թող չմտածի, որ ես զանգում ասում եմ` էսինչին ձերբակալել, էսինչին բաց թողնել կամ հետապնդել: Բոլոր գործողությունները պետք է լինեն հարյուր տոկոսանոց օրինական»:

Անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է ստուգումները հասնեն նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարան, Փաշինյանն արձագանքեց.

«Եթե ցանկացած հետքաննություն կհասնի Սերժ Սարգսյանին, կհասնի, եթե պետք լինի, տուն կհասնի, ամեն տեղ էլ կհասնի: Բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ՝ փաստերը, օպերատիվ տվյալներն ու ընթացակարգերը: Ես ձեզ կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի անձեռնմխելի մարդ չկա»: