Հատուկ սարքերի միջոցով՝ «թաչ-սքրինի» մեխանիզմով քվեարկության կազմակերպումը, որն առաջարկում է ՀՀԿ-ն, մի քանի մտահոգություն է առաջացնում։ Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նիստում նշեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, նախ դա շատ ծախսատար է, եւ հնարավոր է, դրանով ՀՀԿ-ն մտադիր է հնարովորինս հետաձգել ընտրությունների անցկացման ժամկետները. երկրորդ՝ հազարավոր ընտորղներ, հիմնականում տարեցներ, չեն կարողանա այդ համակարգով քվեարկել եւ օգնողի կարիք կունենան։

«Բացի այդ, կա եւս երկու մտավախություն, առաջինը կարճ ժամկետներում դրա իրագործելիություն է։ Այսինքն ընտրությունները սարերի հետեւում չեն, եւ այսպիսի կարճ ժամկետներում դրա իրագործելիությունը խիստ կասկածելի է։ Իսկ ընտրություններն այնպիսի միջոցառում չեն, որ դե եկեք փորձենք, եթե չստացվի, ընտրությունները մեկ ամսով կհետաձգենք։

Երկրորդը եւ ամենակարեւորն այստեղ այն է, որ ընտրողների մոտ չի լինելու 100 տոկոսանոց վստահություն քվեարկության գաղտնիության հետ կապված։ Կլինեն մարդիկ, որոնք կկարծեն, որ այս համակարգը ֆիքսում է, թե որ ժամին, որ վայրկյանին ինչպիսի քվեարկություն կատարվեց։ Իմանալով, թե այդ վայրկյանին որ ընտրողը մտավ քվեախցիկ, եւ այդպես պարզել քվեարկության գաղտնիքը։ Որքան էլ մենք ձեզ հետ հավաստիացնենք, որ քվեարկության գաղտնիություն ապահովված է, որ այդ սարքը չի ֆիքսում, թե որ ժամին, որ վայրկյանին ինչպես քվեարկվեց, միեւնույն է, կլինեն բազմաթիվ ընտրողներ, որոնք կվախենան, որ այդ սարքը ֆիքսում է իրենք քվեարկությունը եւ կկաշկանդվեն իրենց քվեարկության ժամանակ»,-հայտարարեց Իոաննիսյանը։

Նա ընդգծեց, որ դա խիստ մտահոգիչ է եւ հասկանալի չէ այն խնդիրը, որը մենք լուծում ենք այդ սարքի միջոցով. «Այդ ո՞ր ռիսկն է, որ մենք այս սարքի միջոցով լուծում ենք»,-հարց ուղղեց Դանիել Իոաննիսյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ աշխատանքային խմբում քննարկման ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն առաջարկել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարդիկ քվեարկեն ոչ թե ձեռքով նշում անելով եւ քվեաթերթիկը ծրարի մեջ դնելով, այլ հատուկ սարքերի միջոցով՝ «թաչ-սքրինի» մեխանիզմով։

Դավիթ Հարությունյանը պարզաբանել էր, որ գաղափարը հետեւյալն է. «Կա սովորական թաչ-սքրին, ընտրողը մոտենում է սենսոր սարքին, կուսակցության սիմվոլները կամ անունները կան, մատով կպչում է, բացվում է կուսակցության ցուցակը, մատով կպչում է, բացվում է համապատասխան թեկնածուի անունը, եւ տպվում է քվեաթերթիկը: Ապակու տակ անձը տեսնում է քվեաթերթիկը: Տեսնելով, որ քվեաթերթիկը արտացոլում է իր քվեարկությունը, սեղմում է կոճակը, քվեաթերթիկն ավտոմատ ընկնում է քվեատուփի մեջ: Լույսը մարում է եւ հաջորդ մտնողը չի կարող տեսնել, թե այնտեղ ինչ քվեաթերթիկ է գտնվում: Սարքը կա, աշխատում է, առաջարկում եմ այս ուղղությամբ մտածել՝ նաեւ ներգրավելով դոնորների՝ ներգրավելու պատրաստակամությունը»: