1.am-ը գրում է. Մարտի 1-ի թեմայով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը վկայեց, որ Քոչարյանն իսկապես անհանգստացած է խնդրով: Գործնականում պաշտոնաթողությունից հետո նա երբեք չի ունեցել հերթապահ կամ պատահական հարցազրույցներ, և դրանք հնչել են այն ժամանակահատվածներում, երբ Ռոբերտ Քոչարյանը զգացել է դիրքային կամ այլ կորստի վտանգ: Կամ էլ եղել է իր մասին հիշեցնելու անհրաժեշտություն:


Այս դեպքում, իհարկե, հիշեցնելու կարիք չկար, հենց Մարտի 1-ի քննչական խումբն էր հիշել Քոչարյանին, և դրանից էլ նրա մեջ արթնացել էր վտանգի զգացումը՝ արտահայտվելով հարցազրույցով:

Բանն այն է, որ երկրորդ նախագահի հարցազրույցի տողատակերում բավականին թափանցիկ կերպով նշմարվում էր այն, որ եթե խոսքը հանցագործության մասին է, ապա Մարտի 1-ին տեղի ունեցածն իրականում, այսպես ասած, կոլեկտիվ հանցագործություն է, և դրա, այսպես ասած, պատասխանատուների շրջանակը բավականին լայն է և ներառում է իշխանական ամբողջ բուրգը: Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն ակնարկում էր, որ թույլ չի տա պատասխանատվությունը բարդել միայն իր վրա, և եթե բանը հասնի դրան, ապա խոշոր հաշվով ինքը պատրաստ է տալ շատ կոնկրետ անուններ: Ըստ էության դրանով է նաև պայմանավորվում այն, որ նա մանրամասներ է ներկայացնում ՊՆ ղեկավար կազմի, երկրապահների, Մանվել Գրիգորյանի մասին:

Ընդ որում, շատ հետաքրքիր էր այն, որ Քոչարյանը հայտարարում է, թե բանակը որևէ զենք չի կիրառել, և որևէ ընդհարում չի եղել բանակի հետ: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ո՞վ է զենք կիրառել: Ոստիկանությո՞ւնը, ներքին զորքե՞րը, թե՞ օլիգարխիան, այն օլիգարխիան, որի անունների ցանկը հրապարակել էր ՀԱԿ-ը մարտիմեկյան հայտնի ցուցակի տեսքով: Քոչարյանը բոլորին հիշեցնում է, որ եղել են մեկ նավի վրա, ու եթե ինքը սուզվի, ապա իր հետ կքաշի մյուսներին:

Մյուս կողմից, իհարկե, սա կարող է դիտվել «քննության հետ գործակցելու պատրաստակամության» դրսևորում, ինչը կասկածների կամ մեղադրանքների հաստատման դեպքում կդառնա արդեն «մեղմացուցիչ հանգամանք»: Մյուս կողմից՝ կարող է ստեղծվել հետաքրքիր մի իրավիճակ, երբ հարցաքննության կանչվեն նաև այլ պաշտոնյաներ: Իսկ այդպիսիք անկասկած կլինեն, և կարծես թե արդեն հայտնի է, որ Մարտի 1-ի գործով կանչվելու է նաև Յուրի Խաչատուրովը, որին ծանուցագիր է ուղարկվել, և նա ասել է, որ հուլիսի վերջին կներկայանա:

Անտրամաբանական կլինի, եթե ամեն ինչ սահմանափակվի Քոչարյանով կամ Խաչատուրովով, եթե, իհարկե, նրանք ամբողջ մեղքը չվերցնեն իրենց վրա: Բայց կարծես թե հենց հակառակն է, և առնվազն երկրորդ նախագահը ակնարկում է, որ թույլ չի տա ամբողջը իր վրա բարդել: Իսկ դա նշանակում է, որ անխուսափելի են լինելու նորանոր կանչվողները, և այդ իմաստով կարող է ստեղծվել մի աննախադեպ իրավիճակ:

Մանրամասները սկզբնաբյուրում՝ 1.am