Դուք առաջինը չեք քաղհասարակությունից, որ կարծում է, որ քաղհասարակությունը պետք է կառավարի պետությունը, բայց դա մոլորություն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ-ում 4 քաղաքական ուժերի մասնակցությամբ աշխատանքային խմբի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ դիմելով վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին:

«Դուք պետք է հասկանաք, որ մասնագիտական հանձնաժողովները ստեղծվում են ձեւակերպելու համար այն կոնսենսուսը, որը կա քաղաքական ուժերի մեջ: Եթե դուք պնդում եք, որ մասնագիտական հանձնաժողով եք, ես հարց ունեմ՝ ո՞վ է ձեզ շարադրել քաղաքական պատվերը ընտրական օրենսգրքի, որը դուք փորձում եք մասնագիտորեն ձեւակերպել: Աշխարհում ընտրական օրենսգրքի 150 մոդել կա, ո՞րն եք դուք վերցնում, ո՞ւմ նախընտրած, ո՞վ է դրա համար քվեարկելու խորհրդարանում: Այսինքն դուք հանրային կառավարման նոր մոդել եք առաջարկում, որը շատ հիասթափեցնող է»,-հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

Ի պատասխան Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրենց մասնագիտական հանձնաժողովը ոչ թե միջգերատեսչական է, այլ վարչապետին առընթեր է. «Մեր հանձնաժողովը որեւէ մարմնի վարչությունը չէ, որ պատվեր իջեցվի, մենք էլ այդ պատվերի վրա ինչ-որ բան գրենք: Հանձնաժողովը լսելով բոլոր կողմերին, ձեւավորում է դիրքորոշում: Ու դա արվում է շատ ավելի ներառական ձեւով, քան երբ դուք էիք իշխանության, երբ նախագիծը կազմվում էր գաղտնի կերպով:

Հանձնաժողովը ձեւավորում է իր դիրքորոշումը, քննարկում է այն ԱԺ-ի հետ, հետո արդեն անցնում դրա ձեւակերպմանը նախագծի մեջ: Չի բացառվում, որ կոնկրետ նախագծի ձեւակերպումները հանձնաժողովը չանի, այլ հանձնաժողովի պատվերով՝ կառավարության կամ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորբաժանումներից մեկը: Մեր հանձնաժողովը ոչ թե ինչ-որ պատվերի կատարողն է, այլ այդ պատվերը ձեւավորողը: Հիմքում վարչապետի կողմից քաղաքացիներին տված խոստումներն են, որոնք ներառված են նաեւ կառավարության ծրագրում»: