«Ելք» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չեն քննարկել Երևանի նոր քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը: Այս մասին հուլիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Ավագանու նախկին անդամը բացառեց նաև այդ պաշտոնում իր թեկնածության առաջադրումը:

«Իմ մասին խոսելը հիմա սխալ եմ համարում: Հիմա կա նոր իրավիճակ, որը թելադրում է ավագանու նոր ընտրություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ալեն Սիմոնյանը: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը քաղաքական թիմի որոշում չի եղել, եղել է իր անձնական որոշումը:

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով` Տարոն Մարգարյանը հեռացել է քաղաքական իրողության փոփոխության պատճառով:

«Երևան քաղաքը հանրապետության տնտեսության մոտ 60% է կազմում, և ակնհայտ է, որ նոր իրողությունների լույսի ներքո մի թիմը գնում է, և մյուսն է գալիս իշխանության: Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել այդ տրամաբանության մեջ»,- նշեց Մարուքյանը:

Պատգամավորների խոսքով` «Ելք»-ն ու ՔՊ-ն առաջիկայում կքննարկեն և կներկայացնեն նոր քաղաքապետի թեկնածուի անունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով