Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, Երկու օր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց։ Այդ հարցը ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվե՞լ էր։ Անակնկա՞լ էր նրա որոշումը, թե՞ գիտեիք այդ որոշման մասին։

Տարոն Մարգարյանը երևանցիներին ուղղված իր ուղերձում ամեն ինչ ասել է, ամեն ինչ սպառիչ էր, կարծում եմ ավելացնելու բան չկա։ Անձամբ ինձ համար նրա քայլն անակնկալ չէր։

Մտահոգված չե՞ք, որ ՀՀԿ-ի ձեռքից գնում է վերջին կարևորագույն պաշտոններից մեկը։

Պաշտոնը ՀՀԿ-ի և մասնավորապես Տարոն Մարգարյանի համար, այդ թվում ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել։ Կարծում եմ՝ նոր իրավիճակում, նոր իրողության պայմաններում Տարոն Մարգարյանը կայացրեց սթափ որոշում։ Կրկնում եմ՝ պաշտոնը Հանրապետականի համար, Տարոն Մարգարյանի համար, ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել։ Նոր իրողություն է, մայիսի 8-ից հետո մենք ունենք նոր կառավարություն, նոր գործադիր իշխանության, որն իրականացնում է իր քաղաքականությունը, և այստեղ ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ինքը ընդդիմություն է նոր կառավարությանը։ Ես հարգանքով եմ վերաբերվում Տարոն Մարգարյանի որոշմանը։

Պարոն Շարմազանով, շարունակվում են ԸՕ-ի շուրջ քննարկումները։ Տեսակետ կա, որ ՀՀԿ-ն իր առաջարկներով այնպես է անում, որ այս տարի հնարավոր չլինի իրականացնել ընտրություններ, քանի որ այդ առաջարկների կյանքի կոչումը և նյութական ռեսուրսներ, և ժամանակ է պահանջում։

Համամիտ չեմ այդ պնդումների հետ և առնվազն համամիտ չեմ արհեստականորեն գոնե հիմա սլաքներն ուղղելու դեպի ՀՀԿ-ն, քանի որ ՀՀԿ-ն իշխանափոխությունից հետո երբեք կառավարության գործունեության և կառավարության աշխատանքներին չի խոչընդոտել, որևէ արհեստական դժվարություն չի ստեղծել։ ՀՀԿ-ի համար էական է ունենալ նորմալ բարեփոխված ԸՕ։ Եթե մենք բարեփոխում ենք ԸՕ-ն, իսկ կառավարությունը և քաղաքական ուժերը դա ցանկանում են անել, ուրեմն մենք պետք է ունենանք ավելի կատարյալ, ավելի ժողովրդավարական ԸՕ, քան գոյություն ունի այսօր։ Եվ եթե նպատակն ափալ-թափալ ԸՕ փոխելն է, էլ իմաստը ո՞րն է։ Ես հետևում էի, խորհրդարանում բավականին հետաքրքիր քննարկումներ էին ծավալվում, քննարկումները դեռ շարունակվում են։

ՀՀԿ-ի խնդիրն արհեստականորեն ձգձգելը չէ, այլ ԸՕ-ն բարեփոխելը։ Եվ հաստատ այս փուլում իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, ՀՀԿ առաջարկների մեծ մասը առաջարկաներն են, որոնք նախկինում արել են այսօրվա կառավարության ներկայացուցիչները կամ գոնե այսօրվա կառավարությանը մոտ կանգնած հասարակական այն գործիչները, որոնք այսօր հենց ներկայացված են այդ հանձնաժողովում և պաշտպանում են ԸՕ բարեփոխման իրենց տարբերակը։ Խնդիրը ոչ թե ունենալ փոփոխության ենթարկած ԸՕ, այլ ունենալ հնարավորինս ժողովրդավարական բարեփոխված օրենսգիրք, որը կարժանանա նաև նախևառաջ միջազգային փորձագիտական հանրության և նախևառաջ Վենետիկի հանձնաժողովի բարձր գնահատականին։ Ի վերջո, Վենետիկի հանձնաժողովն է ԵԽ-ի այն մասնագիտական կառույցը, որը փորձագիտական գնահատական է տալիս այս կամ այն պետությունում ներդրվող ընտրական բարեփոխումներին և ԸՕ-ին։

ԱԱԾ-ի կողմից վերջին բացահայտումներից հետո Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ այդտեղ միտում է տեսնում, իսկ Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ հոգնել է ԱԱԾ բացահայտումներից։ Դուք համամի՞տ եք նրանց գնահատականների հետ։

Մենք պետք է հնարավորություն տանք իրավապահ մարմիններին, այդ թվում՝ ԱԱԾ-ին, օրենքի ողջ ծավալով իրականացնել իրենց գործողությունները։ Սա աքսիոմա է և որևէ միջամտություն չպետք է լինի։ Իրավապահ մարմինները պետք է իրականացնեն այն բոլոր գործողությունները, որի համար լիազորված են օրենքով և ստանում են աշխատավարձ։ Մյուս կողմից, մենք պետք է զերծ մնանք ընտրովի արդարադատությունից և պետք է չմերժենք անմեղության կանխավարկածը։ Իսկ մնացածը՝ դատական նիստերի ժամանակ։

Մարտի 1-ի գործով ասվում է, որ նաև նախկին պատգամավորները պետք է պատասխանատվության կանչվեն, որոնք այդ ժամանակ ԱԺ-ում են եղել։ ՀՔԾ պետն ասել է, որ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի և եթե չգա, բերման կենթարկվի։ Ինչպե՞ս եք գնահատում Մարտի մեկի բացահայտմանն ուղղված քայլերը։

Եվ «Մարտի 1»-ի, և ցանկացած քրեական գործի հետ կապված ես կարծում եմ, որ պետք է գերիշխեն ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները՝ անկախ ամեն ինչից, անկախ և այսօր, և նախկինում, և ապագայում զբաղեցրած պաշտոնից, սոցիալական դիրքից, կուսակցական պատկանելությունից։ «Մարտի 1»-ից մինչև ամենասովորական գողություն պետք է գերիշխի օրենքը։ Մենք պետք է պայքարենք ոչ թե անձերի, այլ վատ երևույթների դեմ։ Երբ դու պայքարում ես անձերի դեմ, դա կարող է վերածվել վհուկների որսի կամ վենդետայի։ Եթե դու պայքարում ես երևույթների դեմ, դա քեզ վեր է պահում միջանձնային պայքարից, և դու իրականացնում ես քո գործողությունները։ Կա ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քրեական օրենսգիրք, պետք է ամեն ինչ լինի անաչառ, օրենքի տառին համաձայն։

Ըստ էության՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ դուք խրախուսում եք այս կառավարության աշխատանքը, ԱԱԾ բացահայտումները, որ ամենաթողությանը վերջ է եկել։

Ես այն կարծիքին չեմ եղել, որ եղել է ամենաթողություն։ Երկրորդ՝ կառավարության աշխատանքի վերաբերյալ դեռ ժամանակ կունենանք խոսելու, որովհետև դեռ շատ ժամանակ չի անցել, մյուս կողմից կառավարության աշխատանքը միայն ԱԱԾ-ի և ոստիկանության գործողությունները չեն։ Կառավարությունը բաղկացած է բազմաթիվ նախարարություններից, և այսօր տպավորություն է, որ աշխատում են միայն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, նաև ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերով հանձնաժողովն է աշխատում։ Բա մնացած նախարարություններն ինչի՞ համար են աշխատավարձ ստանում։ Երբ ժամանակը գա, աշնանը բյուջե քննարկենք, կտեսնենք, թե ինչ է արվել։

Ես չեմ ուզում գնահատականներ հնչեցնել ուժային մարմինների աշխատանքների վերաբերյալ։ Գնահատական հնչեցնելու համար պետք է ունենաս տեղեկատվություն։ Իմ խնդրանքն է բոլորին՝ մի կողմից մենք պետք է հնարավորություն տանք ուժային կառույցներին օրենքի ողջ ծավալով իրականացնել իրենց գործողությունները, մյուս կողմից պետք է խուսափենք ընտրովի արդարադատությունից, արհեստական վենդետաներից, անձերի դեմ պայքարից և հարգենք անմեղության կանխավարկածը։ Միայն այս դեպքում մենք կարող ենք ունենալ ավելի ժողովրդավարական, ավելի ազգային ու ավելի զարգացած պետություն։ Իսկ կառավարության աշխատանքի վերաբերյալ, երբ ժամանակը գա, ոլորտ առ ոլորտ կխոսենք։