ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հարցերի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանժնաժողովը այսօր հուլիսի 11-ին, վաղ առավոտյան, նախքան արտահերթի մեկնարկը հանձնաժողովի նիստ է հրավիրել՝ քննարկելու օրակարգի երկու օրինագծերը, սակայն պարզվել է, որ նախագծերը կառավարությունն իրենց չի ուղարկել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Խոսքը վերաբերում է «ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» եւ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագծերը:

«Նիստը ապահովվեց, փոխնախարարները ներկա էին, սակայն չկային քննարկվող հարցերը: Պարզվում է, որ հրավիրելով արտահերթ նիստ, կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել նախագծերն ԱԺ: Առնվազն այս երկու նախագծերը չեն քննարկվել եւ մեր հանձնաժողովի կարծիքը չկա: Հանձնաժողովը որոշեց նիստը տեղափոխի ժամը 12.30-ին, որ կարողանա կարծիք հայտնել»,-ասաց Աշոտյանը եւ հորդորեց կառավարության ներկայացուցիչներին, որ առհասարակ փաստաթղթաշրջանառությունը կատարվի ժամանակին եւ որակով: