1.am-ը գրում է. Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ամենաակտուալ հարցը Երևանի նոր քաղաքապետի ով լինելն է: Սակայն նույնիսկ այս հարցը տարբեր լուծումներ է ենթադրում, որոնցից յուրաքանչյուրն ունի պլյուսներ և մինուսներ:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Վաղը Երևանի ավագանին կընդունի Տարոն Մարգարյանի հրաժարականը և, ըստ ամենայնի, երկշաբաթյա ժամկետում կնշանակի ավագանու նիստ, որի ընթացքում ավագանու երեք խմբակցությունները պետք է ներկայացնեն քաղաքապետի իրենց թեկնածուներին:

Մոտավորապես ստեղծվել է այն իրավիճակի լոկալ մոդելը, որը գոյություն ուներ երկրում` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: ՀՀԿ-ն Երևանի ավագանիում ունի մեծամասնություն, սակայն Տարոն Մարգարյանի հրաժարականով կապիտուլացվել է և չունի թեկնածու առաջադրելու քաղաքական և բարոյական ռեսուրսներ:

Լուրջ մրցակցության համատեքստից դուրս ենք դնում «Երկիր ծիրանի» կուսակցությանը, որի քաղաքական մարգինալությունը նրան դրել է շրջափակման մեջ:

Ամբողջ ինտրիգն այն է, որ Երևանի ավագանիում «Ելք» խմբակցության կառուցվածքը և անհատական կազմը չի ձգում, այսպես ասած, քաղաքային իշխանություն ձևավորելու դերին:

Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը կանգնում է լուրջ երկընտրանքի առջև, որը ենթադրում է քաղաքական որոշման կայացում:

Քաղաքական նպատակահարմարությունն, անշուշտ, հուշում է, որ կառավարության բոլոր ռեսուրսները պետք է կենտրոնացվեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստման վրա: Այս տեսանկյունից Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են իսկապես որոշակի պրոբլեմներ հարուցել. ի վերջո Փաշինյանի թիմի համար բարդ է լինելու ԱԺ ընտրությունների նախապատրաստմանը զուգահեռ անցկացնել գրեթե համապետական ընտրությունների նշանակություն ունեցող մայրաքաղաքային ընտրություններ:

Այս խնդիրն, անշուշտ, գոյություն ունի, մյուս կողմից` Նիկոլ Փաշինյանի թիմի համար դժվար է լինելու միջանկյալ լուծումներ գտնելը: Ամենահավանական միջանկյալ տարբերակն այն է, որ «Ելք» դաշինքը թեկնածու առաջադրի ՀՀԿ խմբակցության, այսպես կոչված, մենեջերական շերտերից, որը կլինի ժամանակավոր լուծում` մինչև խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումը: Սակայն այստեղ էլ կան լուրջ պրոբլեմներ. հասարակությունը չի կարողանում մարսել այդ միջանկյալ թեկնածուներին, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են նախկին համակարգի հետ` հանրային կարծիք ձևավորելով, թե հեղափոխական կառավարությունն որոշակի կեմպրոմիսների է գնում նախկին իշխանության այս կամ այն սեգմենտի հետ:

Նման հակասական իրավիճակում Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախաձեռնմանը: Եթե առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ավագանին նոր քաղաքապետ չընտրի` թեկնածուներ չլինելու կամ նրանց` բավարար ձայներ չհավաքելու պարագայում, ապա ավագանին օրենքի ուժով լուծարվում է և արդեն սեպտեմբերին Երևանում ունենալու ենք արտահերթ ընտրություններ:

Մանրամասները սկզբնաղբյուրում՝ 1.am