Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է ազատել զինծառայությունից ընտանիքի այն միակ արու զավակին, որի ընտանիքում զինծառայության ընթացքում զոհվել է հայրը, մայրը, քույրը կամ եղբայրը։

Նշենք, որ գործող օրենսդրությամբ նման ընտանիքներից արու զավակը զորակոչվում էր, սակայն ծառայության ընթացքում չէր իրականացնում մարտական հերթապահություն։

Այսօր Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ եթե ընտանիքում կան մի քանի արու զավակներ, ապա երկրորդը կարող է անցնել մարտական ծառայություն, բայց մարտական հերթապահություն չիրականացնել։

Օրենքում կատարված մյուս փոփոխությամբ ապահովվում է զորակոչկների կրթության իրավունքը և վերաբերում է Հայաստան վերադարձող զորակոչիկներին. վերջիններին տրամադրվում է տարկետում, որպեսզի նրանց կրթական ծրագիրը կիսատ չմնա։

«Օրինակ` Ռուսաստանում հանրակրթությունը 11 տարի է, Հայաստանում` 12, այնպես էր ստացվում, որ երիտասարդները Հայաստան էին գալիս 18 տարին լրացած, բայց մի դասարան ցածր էին նստում ու դպրոցն ավարտում էին, երբ արդեն լրանում էր նրանց 19 տարեկանը: Հիմա նախատեսվում է նրանց տարկետում տրամադրել, որպեսզի հանրակրթական ծրագիրը կիսատ չմնա։ Այս զորակոչին մենք ունենք ընդամնեը 11 նման զորակոչիկ, նրանցից 10-ը Ռուսաստանից Հայաստան վերադարձած ընտանիքների քաղաքացիներ են», - ներկայացրեց փոխնախարարը:

Կատարված մյուս փոփոխությունն առաջարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որին ՊՆ-ն դրական եզրակացություն է տվել։

Մասնավորապես, առաջարկվել է փոփոխություն, որով մարզային և Երևանի հանձնաժողովները կկարողանան եզրակացություն տալ 2018-19թթ. ուսումնական տարվա ընթացքում այն ուսանողների համար, որոնք ընդունվել են բուհ տարկետման իրավունքով, սակայն, հաշվի առնելով, որ նրանց 18 տարեկանը դեռ չէր լրացել, չի եղել նրանց տարկետումը ձևակերպելու հնարավորություն: «Հիմա այս փոփոխությամբ նախատեսվում է տարկետումը ձևակերպելու հնարավորությունը», - նշեց Գաբրիել Բալայանը: