Այս նախագիծը վերաբերում է նրանց, որոնք այդ տուգանքները չեն կարողացել մուծել ու չեն էլ մուծելու. Դա մի մեծ բեռ է, որը մնացել է քաղաքացիների վրա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում ՃՈ տուգանքների համաներման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց Հ«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, երբ այդ բեռը չի հանվում, մարդու հաշիվների վրա կալանք է դրվում, մարդն անգամ ապառիկով հեռախոս չի կարողանում վերցնել. «Այս նախագծով այդ մարդկանց շանս է տրվում, որ կարողանան աշխատել: Ես միշտ վճարել եմ տուգանքները եւ ինձ նսեմացված չեմ զգում, որ այն մարդիկ, որոնք չեն կարողացել վճարել, ազատվել տուգանքներից:»:

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ անպատժելիության թեկային՝ նշելով. «Հիմա դեռ մնացել են մարդիկ, որոնք չեն հասկանում, որ արդեն կարեւոր չի, թե որքան փող ունես, կամ ում ախպոր լավ ախպերն ես, դու պատժվելու ես: Ես վստահեցնում եմ ու այդ մարդկանց նույնպես դիմում եմ՝ դրա հետ կապված էս շենքում համաներում չի լինելու: կապ չունի թե դուք ով եք, ինչքան փող ունեք, կամ ում լավ ախպերն եք»:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, այս օրինագծով քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,7 մլրդ դրամ է կազմում, իսկ տուգանքներից կազատվի շուրջ 150 հազար անձ:

Օրինագիծը նաեւ մի շարք բացառություններ է նախատեսում, որոնց դեպքում՝ համաներումը չի տարածվում տվյալ անձանց վրա: Մասնավորապես, համաներումը չի կիրառվի այն դեպքերում, երբ վարորդը խախտել է հետեւյալ կանոնները՝ առանց թույլտվության ավտոմեքենայի վրա կարմիր եւ կապույտ ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաեւ օպերատիվ ծառայություն իրականացնող մեքենաների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը, առանց համարանիշի կամ կեղծված համարանիշով մեքենաներ վարելը, մեքենաների տիրոջ ջողմից համարանիշը այլ անձի հանձնելը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի կանգառ հրահանգին չենթարկվելը, առանց ԱՊՊ կտրոնը փակցնելու երթեւեկելը: