Տարոն Մարգարյանի առումով դեռեւս կոռուպցիա չի բացահայտվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:

«Հանցագործության տարբեր ձեւեր կան: Մարդը եթե հանցագործն է, այդ մարդը երբեք իր հանցագործությունն ուրիշի վրա չի տարածում, ինքն էլ պատասխան է տալիս: Ես կուզենայի, որ կոռուպցիոն չլիներ: Կարծում եմ՝ Տարոն Մարգարյանն այն մարդը չէ, որ պետք է կոռուպցիայով զբաղվեր»,-ասաց նա:

Հարցին, այդ ինչպե՞ս է ստացվել, որ Տարոն Մարգարյանը մի քանի շքեղ առանձնատուն ունի, իսկ օրինակ դուք չունեք, Գալուստ Սահակյանն ասաց. «Կարծում եմ՝ նման մոտեցում չեմ ունեցել իրականության նկատմամբ: Ես ընդամենն աշխատել եմ ԱԺ-ում եւ որեւէ բիզնեսով չեմ զբաղվել: Եթե մարդիկ շատ բիզնեսով են զբաղվում, որքան մեծ բիզնեսով զբաղվեն մեր հասարակության մեջ, այնքան պետությունն ամուր կլինի: Խնդիրն այն է, որ կոռուպցիա չլինի»:

Դիտարկմանը, որ Երեւանում անմխիթար վերելակներ ու տրանսպորտ է եղել, իսկ Տարոն Մարգարյանը շքեղ առանձնատեր է կառուցել, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Իհարկե, տեսակետների տարբերություն կա: Մի բան է, որ մարդը կարողացել է օրինական ճանապարհով ձեռք բերել, դա խրախուսելի է,իսկ եթե կոռուպցիա է, պետք է պատժվի: Բիզնեսն է օրինական ճանապարհը: Կարող է ինքը չի զբաղվում, ընտանիքն է զբաղվում»:

Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն էլ կուզենար 4 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունենար. «Կաշխատեմ ինչ-որ ժամանակ ունենալ: Ես առավոտից երեկո զբաղվել եմ քաղաքականությամբ, Քաղաքականությունը եկամտաբեր չէ ինձ համար, բայց եկամտաբեր է ամբողջ ժողովրդի համար»: