Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանում իշխանափոխության հարցում կա նաեւ իրենց ներդրումը: Նա նկատի է ունեցել այն, որ Հայաստանի հեղափոխությունից ավելի վաղ խոսել է հայկական իշխանության կոռումպացվածության մասին:

Հայաստանում Ալիեւի այս հայտարարությունը գնահատել են որպես զառանցանք, նախեւառաջ այն պատճառով, որ իրավիճակն Ադրբեջանում շատ ավելի վատթար է: Երեկ Գյանջայում տեղի է ունեցել «իսլամիստների» հերթական բախումը ոստիկանների հետ, որի հետեւանքով սպանվել են երկու բարձրաստիճան ոստիկաններ:

Գյանջայում մեկ շաբաթ առաջ մահափորձ է կատարվել քաղաքապետի դեմ: Կառավարությունը հայտարարել է, թե դա իսլամիստների ձեռքի գործն է, որոնք ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել, իսկ Գյանջայի քաղաքապետի եղբայրը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը, հայտարարել է, թե մահափորձ կատարողի մայրը հայ է, ինքն էլ սովորել է Իրանում:

Գյանջայի բնակչությունն այլ կարծիքի է, այդ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները հայտարարել են, որ ամեն ինչում քաղաքապետն է մեղավոր: Նա այնպիսի կարգեր է հաստատել, կոռուպցիան հասել է այնպիսի մակարդակի, որ մահափորձ կատարողին անվանել են Ռոբին Հուդ եւ պահանջել ազատ արձակել նրան:

Գյանջայի իրադարձությունները վկայում են Ադրբեջանում բարդ գործընթացների մասին: Ալիեւն ասում է, թե նպաստել է Հայաստանի իշխանափոխությանը, իրականում ամեն ինչ հակառակն է՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հարեւան երկրների ժողովուրդների մոտ ոգեւորություն է առաջացրել: Եթե հայաստանում կարողացել են փոխել կոռումպացված իշխանությունը, մենք ինչով են վատը, ասում են ադրբեջանցիներն ու գրոհում իշխանությունը, սպանելով ոստիկաններին: Պարզապես այլ երկրներում հեղափոխությունը կարող է թավշյա չլինել:

Նիկոլ Փաշինյանի ձեռքսեղմումը կախարդական ազդեցություն ունի՝ նրա Վրաստան կատարած այցից հետո այդ երկրում փոխվեց կառավարությունը: Սոչիում Նիկոլ Փաշինյանը «հեղափոխություն» արեց հայերի հոգիներում, ցույց տալով նրանց նշանակությունը Ռուսաստանի կյանքում:

Վերջերս Մոսկվայում, ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը Փաշինյանը ծանոթացել է Ալիեւի հետ: Եվ Ադրբեջանում քաոս է սկսել՝ Մինգեչաուրի ՋԷԿ-ի աղետ, մահափորձ, ոստիկանների սպանություն: