Երեւանի ավագանու արտահերթ նիստում այսօր՝ հուլիսի 12-ին, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հրապարակեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի վերաբերյալ արձանագրությունը, որն ընդունվեց ի գիտություն:

Այնուհետեւ նա վկայակոչելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի դրույթները, առաջարկեց քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել հուլիսի 16-ին ժամը 11-ին:

Իր հերթին «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկեց քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ին, ժամը 11-ին:

Իր ելույթում Դավիթ Խաժակյանը նշեց. «Ժամկետները բավական կարճ են: Մենք որոշում ենք 30 օրվա ընթացքում Երեւանի քաղաքապետի ընտրության օրը մեր շրջանակներում, եթե առաջադրում չի լինում, դրանից հետո մոտ 45 օրվա ընթացքում նշանակվում է արտահերթ ընտրություններ: Այսօր հուլիսի 12-ն է, եւ եթե առաջադրումներ չեն լինում, ընտրություններն ընկնում են օգոստոսին, ինչն անբարենպաստ է քարոզարշավի համար»:

Նրա խոսքով, այս մասին իմացել են եւ Տարոն Մարգարյանը եւ Կամո Արեյանը. «Դուք գիտեք, որ ընտրությունն արտահերթ է լինելու եւ բյուջեից լրացուցիչ միջոցներ են հատկացվելու: Օգոստոս ամսվա խոչընդոտները, որ ստեղծվում են ընտրությունը հուլիսի 16-ին նշանակելով, հաղթահարվելու են պետության կողմից լրացուցիչ ծախսեր անելով: Պետությունն այդ ընտրությունը կազմակերպելու է, իսկ այս սաբոտաժը, որ կազմակերպվել է մարդկանց կողմից, որոնք որոշել են հուլիսի 16-ը, դա սաբոտաժ է պետության դեմ, որովհետեւ ընտրությունն այսպես թե այնպես կայանալու է, բայց ինչ գնով է կայանալու, դա որոշելու ենք մենք»,-ասաց Խաժակյանը:

Նա առաջարկեց օրակարգում ընդգրկել նաեւ իրենց նախագիծը, որով առաջարկվում է Երեւանի քաղաքապետի ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը, որպեսզի քաղաքապետ չընտրվելու դեպքում՝ ավագանու արտահերթ ընտրությունները լինեն սեպտեմբերին, ոչ թե օգոստոսին:

Կամո Արեյանն էլ արձագանքեց, որ օրենքով սահմանված է, որ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ոչ ուշ քան մեկամսյա ժամկետում ավագանիում պետք է տեղի ունենա քաղաքապետի ընտրությունը. «Դա կարող է լինել լինել հաջորդ օրը, 15-րդ օրը, 20-րդ օրը եւ այլն: Օրենքի այդ սկզբունքն անցել է ողջմամտությամբ եւ տրամաբանությամբ, որ այդ ժամկետում տեխնիկական միջոցները պետք է լինեին պատրաստ»:

«Ելք»-ի ներկայացուցիչը հայտարարեց. «Պարոն Արեյան, դուք մեկ տարի ողջամիտ չեք եղել, ոնց կարող եք ողջամտությունից խոսել»:

«Ելք»-ը ընդմիջում վերցրեց: