Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հուլիսի 12-ին, օրենքի ուժով հրավիրվել է ավագանու նիստ՝ որոշելու քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել է հուլիսի 9-ին։ Նիստը վարում է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։

Ավագանու Հանրապետական խմբակցության առաջարկն է՝ նոր քաղաքապետի ընտրությունն անցկացնել հուլիսի 16-ին։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո թեկնածու կարող են առաջադրել գործող ավագանու խմբակցությունները։ Եթե այդ տարբերակով որեւէ մեկը չընտրվի ավագանու նիստում, ապա արդեն պետք է անցկացվեն նոր ավագանու ընտրություններ, որից հետո միայն հաղթող քաղաքական ուժի ներկայացուցիչը կստանձնի քաղաքապետի պաշտոնը։

Այսօրվա նիստի ընթացքում պարզ դարձավ, որ ընդդիմադիր ԵԼՔ-ը նախընտրում է ոչ թե գործող ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու տարբերակը, այլ ձգտում է ավագանու արտահերթ ընտրությունների։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկեց գործող ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու նպատակով հրավիրվելիք նիստի ժամկետ սահմանել օգոստոսի 8-ը, իսկ ՀՀԿ-ի հայտարարած ամսաթիվը նա որակեց սաբոտաժի փորձ։

Խաժակյանի պարզաբանմամբ, հուլիսին նիստ հրավիրվելու եւ քաղաքապետի ընտրությունը չկայանալու դեպքում ավագանու ընտրությունները, օրենքով սահմանված կարգով, անցկացվելու են օգոստոսին։ Դա, ըստ նրա, ընտրական գործընթացը կազմակերպելու առումով խոչընդոտներ է ստեղծելու՝ տպարաններ, ընտրատեղամաս դառնալու ենթակա փակ դպրոցներ եւ այլն։ Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն այդպիսով, վատություն է անում ոչ թե ԵԼՔ-ին կամ գործող կառավարությանը, այլ պետությանն ու մայրաքաղաքին։ Ընդդիմադիր խմբակցության առաջարկած տարբերակով՝ ավագանու արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել աշնանը:

Կամո Արեյանն, ի պատասխան, հղում արեց օրենքին, որը թույլ է տալիս քաղաքապետի ընտրության նպատակով ավագանու նիստ հրավիրել մեկամսյա ժամկետում՝ ընդհուպ մինչեւ այդ ժամկետը լրանալուց մեկ օր առաջ կամ հենց առաջին օրը։ Հետեւաբար իրենք օգտվել են օրենքի ընձեռած հնարավորությունից:

Դավիթ Խաժակյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է ավագանու առաջիկա նիստին ՀՀԿ խմբակցությունն առաջադրի քաղաքապետի իր թեկնածուն եւ ընտրի, քանի որ մեծամասնություն է՝ խուսափելով ավագանու նոր ընտրություններից, պատասխանեց, որ այդպիսով կբարդացնեն իրենց վիճակը։ Այնուամենայնիվ, եթե ՀՀԿ-ն փորձի նման քայլի դիմել, ԵԼՔ-ը կքննարկի ու կորոշի իր թեկնածուն առաջադրելու նպատակահարմարության հարցը։

Դիտարկմանը, թե վաղ ժամկետում՝ օգոստոսին, նոր ավագանու ընտրություն անցկացվելը կարող է անցանկալի լինել նաեւ ՀՀԿ-ի համար՝ հաշվի առնելով հեղինակության դեֆիցիտը, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն առաջնորդվում է ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ մտայնությամբ եւ քաղաքապետի ընտրության օրվա իր առաջարկով փորձում է ստեղծել այդ ջրհեղեղը։

Երեւանի ավագանու նիստն ընդմիջվել էր 15 րոպեով։ Քիչ առաջ այն վերսկսվեց։ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը նույնպես հայտարարեց, որ պահանջում է գործող ավագանու լուծարում եւ նոր ավագանու արդար ընտրություններ։

Քվեարկության արդյունքում որոշվեց, որ քաղաքապետ ընտրելու նպատակով գործող ավագանու արտահերթ նիստ կհրավիրվի հուլիսի 16-ին։

Նյութի աղբյուրը՝ Armtimes.com