Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգեւորել է իրենց եւ պատրաստակամություն հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար եւ հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թե՛ ինստիտուցինալ, թե՛ ֆինանսական եւ թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային:

«Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տեւող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: