Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, անդրադառնալով, Արցախի հիմնախնդրին, մասնավորապես, նշել է.

«Քանի որ խոսք գնաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ստիպված եմ անդրադառնալ նաեւ այդ հիմնախնդրի կարգավորմանը, չնայած համարում եմ, որ այս հարցն անհամատեղելի է սույն քննարկումների ձեւաչափի հետ, քանի որ այս հավաքը միանգամայն այլ նպատակներ է հետապնդում: ՆԱՏՕ-ն մշտապես եւ հետեւողականորեն հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման գործում որեւէ դերակատարություն չունի:

Այնուամենայնիվ, քանի որ հարցն արդեն բարձրացվել է, ես կցանկանայի հակիրճ մեկնաբանել եւ շտկումներ մտցնել արված հայտարարության համատեքստում:

Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության դեմ:

Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին:

Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը: