Մենք չենք ցանկացել լուսանցքում թողել այն ուժերին կամ ուժին, որը չի ցանկացել մասնակցել Ընտրական օրենսգրքի նախագծի բարեփոխման կառավարական ֆորմատին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13–ին, լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ, վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է վարչապետին առընթեր հանձնաժողով ունենալու նպատակը, եթե խորհրդարանում կա այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբ։

«Էական չէ՝ որ մարմնին կից է գործում հանձնաժողովը։ Մենք նախաձեռնել ենք պրոցես, դա ֆիքսված է եղել կառավարության ծրագրում, բնականաբար, կառավարությունն է դրա տերը, կառավարությունը պետք է նախաձեռնի: Մենք նախաձեռնել ենք, կոնսուլտացիաներ ենք իրականացրել, այդ թվում՝ ԱԺ–ում ներկայացված 4 քաղաքական ուժերի հետ։ Բայց քանի որ չենք ուզել նաեւ լուսանցքում թողել այն ուժերին կամ ուժին, որը չի ցանկացել մասնակցել այդ ֆորմատին, ասել ենք՝ կարող եք առանց մեզ հավաքվել, քննարկել, հետո միասին կքննարկենք արդյունքները»,–եզրափակեց նա։