Երեւանի ավագանու նիստը՝ քաղաքապետ ընտրելու օրակարգով չկայացավ. քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը 30 րոպե առաջ հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո հայտարարեց, որ եթե ավագանու նիստին քվորում չի ապահովվում՝ հայտարարվում է ընդմիջում, իսկ եթե ընդմիջումից հետո էլ ավագանու անդամների թիվը բավարար չի լինում՝ նիստը համարվում է չկայացած։

«Այս պահի դրությամբ Երևանի ավագանու նիստին քվորում չկա, նիստը համարվում է չկայացած»,- հայտարարեց նա:

Նիստում, սակայն քվորում չկար, քանի որ նախօրեին ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլեւ նիստին չեն մասնակցելու: Նիստին ներկա էր ընդամենը ավագանու 5 անդամ: Եթե նիստը չկայանա, ապա տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ:

Նշենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Այն ժամանակ նա փոխարինեց հրաժարական տված Կարեն Կարապետյանին, 2017 թվականի մայիսին կայացած ընտրությունների արդյունքում էլ վերընտրվեց այդ պաշտոնում: