Lragir.am-ը գրում է.

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է սոցհարցման տվյալներ, ասելով, թե 2017-ին Հայաստանում ԵՄ հանդեպ վստահությունն աճել է 5 տոկոսով եւ կազմել 80 տոկոս: Ըստ նրա, հանրության 69 տոկոսը դրական է գնահատում ֆինանսական աջակցությունը, իսկ 66 տոկոսը համարում է, որ աջակցությունն արդյունավետ է:

«Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է, հայ ժողովրդի ձայնը վճռորոշ է։ Քանի դեռ մարդիկ վստահում են մեզ, մենք կշարունակենք աշխատել այստեղ», հայտարարել է Սվիտալսկին, ասելով նաեւ, թե ԵՏՄ նկատմամբ բնակչության վստահությունը նվազել է: Սվիտալսկին նաեւ ասել է, թե նույնանման հարցում անցկացվել է նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում, ու Հայաստանի ցուցանիշը ամենալավն է:

Ակնհայտ է, որ Եվրամիության դեսպանի ներկայացրած տվյալները պատասխան են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում արած հայտարարությանը: Փաշինյանը հայտարարել էր, թե Եվրամիությունը կամ պետք է Հայաստանում վերափոխումների հիմքով փոխի նաեւ իր քաղաքականությունն ու մեծացնի դրա ծավալը, կամ իջեցնի Հայաստանում տեղի ունեցածի հանդեպ ոգեւորության հռետորաբանությունը:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը գնահատվեց տարբեր կերպ, ընդհուպ այն շեշտադրումով, թե ինչպես է նա այդ տոնով խոսում Եվրամիության հետ, որը տասնյակ եւ հարյուր միլիոն եվրոներ է հատկացրել Հայաստանի տարբեր ուղղություններով արդիականացմանը: Կասկած չկա, որ այդպես է: Բայց արդյունքը, խորությամբ, հիմնարարությամբ որեւէ մեկին հետաքրքրե՞լ է: Արդյոք այդ գործընթացը ենթարկվել է խորքային քննարկումների ու վերլուծությունների, թե՞ դա եղել է ԵՄ ու Հայաստանի իշխող համակարգի փոխհամաձայնության շրջանակում, որի արդյունքը, ի դեպ, եղել է այն, որ Հայաստանում ավելի ամրացել է եվրասիականությունը՝ որպես գործոն, քան եվրոպականությունը: Իսկ խնդիրն էլ տեղափոխվել է սեւ-սպիտակ դաշտ, լրջագույն քաղաքական հարցը վերածելով «երկրպագության»՝ եվրոպասերների ու եվրոպաչսերների միջեւ, ինչն էլ իր հերթին հմուտ ձեւով օգտագործել է եվրասիականության «հատուկ ստորաբաժանումը»:

Այստեղ է խնդիրը, ու Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում խոշոր հաշվով հարցը դրել է հենց այդ խորությամբ, բավական թափանցիկ ակնարկով առաջարկելով վերջ տալ այդ իրավիճակին եւ Հայաստանում եվրոպական քաղաքականության գործոնը բերել Հայաստանի ու Եվրամիության հարաբերության բովանդակային զարգացման դաշտ, դրանով լուծելով մի շարք հարցեր նաեւ եվրասիական ուղղությամբ աշխատանքի արդյունավետ միջավայր ձեւավորելու համար:

Փաշինյանն առաջարկում է դուրս բերել հայ-եվրոպական հարաբերությունը եվրասիականության «պատանդի» կարգավիճակից: Այդ առաջարկը կարող էր անել Հայաստանի լեգիտիմ իշխանությունը, Եվրոպային բավական հստակ հիշեցնելով իր իսկ բանաձեւը՝ Ավելին ավելիի դիմաց: Եթե Բրյուսելն ավելին ասեով նկատի ունի Հայաստանի ավելի եվրոպական կողմնորոշումը, ապա այստեղ «արդյունքը» լինելու է ընդամենը Ռուսաստանի ավելի ագրեսիվ հակազդեցությունը:

Իսկ եթե ավելին դա ներքին վերափոխումներն են, կոռուպցիայի դեմ պայքարը, հանրայնորեն լեգիտիմ իշխանություն-հասարակություն համակեցության միջավայրի ձեւավորման գործընթացը, ապա Բրյուսելն ուղղակի պարտավոր է համարժեք ծավալներով արձագանքել Հայաստանում սկսած փոփոխություններին:

Բայց Եվրամիության դեսպանի արձագանքը կարծես թե հուշում է, որ համենայն դեպս այդ մակարդակում չկա համարժեքության պատրաստակամություն ու պատասխանատվություն եւ փորձ է արվում սոցհարցման վիճակագրությամբ հակադարձել Նիկոլ Փաշինյանին, թե լավ էլ աշխատում ենք, տեսեք ինչպես է գնահատում հասարակությունը:

Ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ թղթերով, կամ թվերով՝ նույն բանն է, ամեն ինչ իհարկե կարգին է: Բայց Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում խոսում էր բովանդակության մասին:

Սակայն ավելի լուրջ բովանդակությունը ավելի շատ աշխատանք եւ պատասխանատվություն է, որին եվրոպական չինովնիկական դասը թերեւս պատրաստ չէ: Դա է պատճառը, որ այդ դասն ընդվզում է Փաշինյանի դեմ, բերելով սոցհարցման տվյալներ, ու նաեւ փորձելով այդպիսով ազդել Բրյուսելի՝ քաղաքական ղեկավարության մոտեցումների վրա, որովհետեւ Հայաստանի լեգիտիմ իշխանության համարձակ ու բաց հարցադրումներն այնտեղ անկասկած հարցեր կարող են առաջացնել տեղերում եվրաչինովնիկական դասի գործունեության բովանդակային մասով, թե որքանով է այդ գործունեությունը գործնականում ու առարկայորեն նպաստել Հայաստանում Եվրոպայի գործոն լինելուն: Որովհետեւ, խոշոր հաշվով, այդ գործունեության արդյունքում Ռուսաստանն է Հայաստանում ավելի շատ գործոն դարձել, քան Եվրոպան:

Խոշոր հաշվով ստացվում է, որ Եվրամիության հարկատուների փողերը կոնկրետ Հայաստանի դեպքում գործնականում դե ֆակտո նպաստել են ավելի շատ Ռուսաստանի ազդեցության տարածմանը, քան Եվրամիության առարկայական ներկայացվածությանը՝ առաջին հերթին հանրության առօրյա կյանքում:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ասված ուղերձը ուներ նաեւ այն ենթատեքստը, որ եթե առարկայորեն չի փոխվում Հայաստանի հանդեպ քաղաքականության բովանդակությունը, ապա գոնե պետք չէ ավելորդ հայտարարություններով Հայաստանի նոր իշխանության հանդեպ կասկած ու անվստահություն առաջացնել Մոսկվայում, առավել եւս, որ առանց Եվրամիության էլ այդ ջանքը հետապնդողները շատ են մինչեւ Ադրբեջան:

Մինչդեռ, Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին գործնականում անում է հայտարարություն, թե Հայաստանում ԵՏՄ վստահության ցուցիչը նվազել է, այդպիսով կարեւորագույն հարցը դարձյալ փորձելով բերել սեւ ու սպիտակի կամ կողմնորոշման պարզունակ դաշտ, սադրելով Ռուսաստանի ագրեսիվություն եւ թերեւս դրանով փորձելով «վրեժխնդիր» լինել Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան լեգիտիմ անկեղծության նկատմամբ, կամա թե ակամա ցույց տալով, որ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հարվածը դիպուկ էր եւ ուժեղ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am