Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ), ինչի հետեւանքով կան տուժածներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝ Գ. Մ.-ն (1965թ.), Ա. Կ.-ն (1971թ.) եւ Մ. Հ.-ն (1990թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Գ. Մ.-ի եւ Ա. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Հ.-ինը` բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերը (2 հատ) եւ թուլացած օդորակիչը:

Ավելի ուշ «Էրեբունի» ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվածներից մեկը (տղամարդ) մահացել է, իսկ մյուս վիրավորի վիճակը բժիշկները գնահատում են ծանր՝ գանգուղեղային վնասվածք է ստացել: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ինքնուրույն է շնչում:

Նշենք, որ վիրավորները Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի աշխատակիցներ են: