Ոչ ոքի վստահել չի կարելի: Ինչի՞ց եք դուք եզրակացրել, որ Թրամփը կամ ես լիովին վստահում ենք միմյանց: Նա պաշտպանում է Միացյալ Նահանգների շահերը, իսկ ես՝ Ռուսաստանի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, երբ վերջինիս հարցրել են՝ արդյո՞ք նա վստահում է Պուտինի խոսքերին այն մասին, որ Ռուսաստանը չի միջամտել 2016 թվականի նախագահական ընտրություններին:

Պուտինի խոսքով՝ ինքը հայտարարել է, որ 2016 թվականին ցանկացել է Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ ընտրություններում: «Ես ուզում էի, որպեսզի նա հաղթի, քանի որ նա խոսում էր ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման մասին», - ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ «Ռուսաստանը երբեք չի միջամտել եւ չի միջամտի» ամերիկյան ընտրություններին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է իր տարածքում հատուկ դատախազ Մյուլերի հանձնաժողովի անդամների ներկայությամբ հարցաքննել ամերիկյան ընտրություններին միջամտության հարցով մեղադրյալներին, հաղորդում է «Մեդուզա»-ն:

Ինչի փոխարեն, Պուտինի խոսքով, Մոսկվան ցանկանում է, որպեսզի ռուս քննիչներին թույլ տան գալ ԱՄՆ եւ ներկա գտնվեկ Hermitage Capital հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բրայդերի եւ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների հարցաքննությանը, որոնք «ուղեկցել են գործարարի ապօրինի գործարքները»:

Ռուսաստանում Ուիլյամ Բրաուդերը երկու անգամ դատապարտվել է ազատազրկման. 2013 թվականին՝ 9 տարվա ազատազրկման՝ խարդախության եւ հարկերից խուսափելու համար, 2017-ին` 9 տարվա ազատազրկման՝ կանխամտածված սնանկության մասին գործով:

Իր հերթին, Թրամփը հայտարարել է, որ ճիշտ է համարել անմիջապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել ամերիկյան ընտրությունների Մոսկվայի միջամտության մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Այսօրվա հանդիպման ժամանակ ես նախագահ Պուտինի հետ խոսեցի Ռուսաստանի կողմից մեր ընտրություններին միջամտության մասին: Կարծում եմ, որ ավելի ճիշտ էր դա ասել հենց նրա դեմքին»:

Թրամփը հերքել է իր նախընտրական շտաբի եւ Մոսկվայի միջեւ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում դավադրության մասին պնդումները:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ նախագահական ընտրություններում Ռուսաստանի կողմից ենթադրվող միջամտության հետաքննությունը «բացասական ազդեցություն է ունեցել երկու խոշորագույն միջուկային տերությունների միջեւ հարաբերությունների վրա»:
Նա հայտարարել է, որ միջամտությանը մասնակցելու համար մեղադրվող տասներկու ռուսները որեւէ կապ չունեն ընտրական գործընթացների հետ: Թրամփը շեշտել է. «Ես չէի ճանաչում նախագահին, եւ չէի կարող նրա հետ դավադրության մեջ մտնել»: