Հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Ղազարյանը որեւէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ոստիկանությունն այս մասին հայտարարել են՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ «հայ հետախույզ» է գերեվարվել:

Նշենք, որ ադրբեջանական տարածքում հայտնված 38-ամյա Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է: Նա առողջական խնդիրներ ունի, 2013 թվականից բուժում է ստանում: Ծնողները պատմել են, որ կեսգիշերն անց նկատել են, որ գնացել է ջուր խմելու, իսկ հետո չեն նկատել, թե ինչպես է դուրս եկել տանից: Բերդավանի համայնքապետն էլ պատմել է, որ այդ օրը գյուղում էլեկտրականություն չի եղել, եւ Կարենը, հավանաբար, մթության մեջ մոլորվել ու հայտնվել է ադրբեջանական տարածքում:

Պաշտպանության եւ ԱԳ նախարարություններն արդեն կապի մեջ են ԿԽՄԿ-ի հետ՝ Հայաստանի քաղաքացու վերադարձը կազմակերպելու համար: Սակայն որեւէ առաջընթաց առայժմ չկա:

Երեւանի ավագանին այսօր չկարողացավ քաղաքապետ ընտրել: Հանրապետական ու «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու: Նրանք նաեւ արտահերթ նիստին չէին ներկայացել:

Նիստերի դահլիճ եկել էին միայն «Երկիր ծիրանի» խմբակցության 3 անդամներն ու նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը: 30 րոպե ընդմիջումը նույնպես քաղաքապետի միակ թեկնածու Զարուհի Փոստանջյանին չօգնեց. քվորում չեղավ:

Նիստի տապալումից հետո լրագրողների հետ զրույցում Փոստանջյանն ասաց, որ իրենք նույնպես ավագանու արտահերթ ընտրությունների կողմնակից են: Սակայն դրա համար, ըստ նրա, ընտրական համակարգում փոփոխություններ են պետք: Նշենք, որ մինչ քաղաքապետարանում «Երկիր Ծիրանին» սպասում էր քվորումի, շենքի բակում հավաքվել էին Զարուհի Փոստանջյանի կողմնակիցները: Նրանք ավագանու անդամներից պահանջում էին գնալ նիստի եւ քվեարկել Փոստանջյանի օգտին:

Հիմա արդեն կառավարությունը 14-օրյա ժամկետում պետք է կրճատի Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետն ու արտահերթ ընտրություններ կշանակի: Այն կանցկացվի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից:

Նիկոլ Փաշինյանը կիրակի ֆեյսբուքյան ուղիղ եթերում նորից պատասխանել է քաղաքացիների հարցերին: Դրանք տարաբնույթ էին. Ամուլսարի հանքի շահագործում, կոռուպցիայի դեմ պայքար, տրանսպորտի, ջրի եւ աղբահանության խնդիրներ եւ այլն: Հարցերից մեկն էլ վերաբերել է սահմանային իրավիճակին: Վարչապետը խոստովանել է, որ որոշակի լարվածություն կա, եւ պետք է պատրաստ լինենք հակահարված տալ:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված Ռոբերտ Աբաջյանի ծնողներին. սոցցանցերում տեղեկություններ կան, որ հերոսի ընտանիքը հեռացել է երկրից՝ արտագնա աշխատանքի: Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Աբաջյանները վաղուց արտերկրում են բնակվում, նաեւ տեղեկացրել, որ վերջերս կառավարական առանձնատանն ընդունել է Ռոբերտի հորը:

Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու եւ Գարեգին 2-րդի շուրջ ստեղծված իրավիճակին՝ վարչապետը վստահեցրել է. եթե բողոքի գործողություններում մարդիկ գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա: Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել նաեւ ի պաշտպանություն կաթողիկոսի հանդես եկող հոգեւորականների պահվածքը:

Արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ներից մեկի շենքում փլուզման հետեւանքով աշխատակիցներից մեկը զոհվել է: Փլուզվել է Արշակունյաց փողոցում գտնվող «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի ճակատային հատվածի քիվը: Պատահարի զոհը ՊՈԱԿ-ի Հրդեհատեխնիկական եւ էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արայիկ Կարապետյանն է, եւս երկու մարդ վիրավորվել է: Տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից մեկի վիճակը ծանր է. նա գանգուղեղային վնասվածք է ստացել: Վիրավորը վերակենդանացման բաժանմունքում է, կարողանում է ինքնուրույն շնչել:

Ավարտվեց ֆուտբոլի եւս մեկ աշխարհի առաջնություն: Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում անցկացված Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ խաղում 4:2 արդյունք գրանցվեց՝ հօգուտ ֆրանսիացիների: 6 գոլ, 11 մետրանոց, դարպասապահների կոպիտ սխալներ: Ֆուտբոլասերներն ավելի անզիջում պայքար եւ ինտրիգ էին կանխատեսում. այս առումով նրանց սպասումները չարդարացան: Ամեն դեպքում, 20 տարի անց Ֆրանսիայի ազգային հավաքականը դարձյալ նվաճեց աշխարհի գավաթը, այս անգամ՝ Դիդյե Դեշամի գլխավորությամբ: Չնայած եզրափակիչում Խորվաթիայի հավաքականի պարտությանը՝ Լուկա Մոդրիչն արժանացավ առաջնության լավագույն խաղացողի մրցանակին, իսկ լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը ստացավ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որն ընդամենը 19 տարեկան է:

Հուլիսի 16-ին դոլարն արժեզրկվել է, եվրոն՝ շուրջ 3 դրամով թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 7 դրամ 73 լումա, ֆունտինը՝ 637 դրամ:

Հուլիսի 17-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կնվազի, 18-20-ը՝ 6-8 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես գիշերը եւ կեսօրից հետո տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն: