Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը նոր տեղեկություններ է հայտնել Ամուլսարի խնդրի շուրջ ձեւավորվող աշխատանքային խմբի գործունեության մասին:

Նա Facebook-ի իր էջում, նախօրեին մասնավորապես, գրել է. «Մի քանի update հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբի հարցում եւ ոչ միայն.


հաշվի առնելով, որ այդ խմբի ստեղծման գործընթացում ես ունեմ շատ մեծ ու անմիջական պատասխանատվություն՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ խմբի վերջնական ձեւավորման գործընթացը դեռ ավարտին չի հասցվել աշխատանքային խմբի անհատական կազմի վերաբերյալ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ ունեցած որոշակի տարակարծությունների պատճառով:

Այս հարցերը կքննարկենք՝ Ջերմուկում կազմակերպելով հանրային քննարկում: Վաղը Ջերմուկից մեկնելու եմ Կապան՝ այնտեղ եւս մեկ հանրային քննարկում կազմակերպելու համար, որի ընթացքում կխոսենք ոչ միայն աշխատանքային խմբի անհատական կազմին առնչվող հարցերի մասին (Ամուլսարից հետո ուսումնասիրման օբյեկտը Քաջարանն է լինելու), այլեւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման գործունեության արդյունավետության, այդ աշխատանքներում հանրության ավելի լայն ու անմիջական ներգրավմանն առնչվող հարցեր»: