Կառավարության այսօրվա՝ հուլիսի 19-ի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին:

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, եւ ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,-ասաց նա՝ հավելելով, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն:


«Իհարկե դեռ խնդիր կա՝ հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այդ միջադեպը, որովհետեւ պետք է պայմանագրերի հայաստանյան օրենսդրության հետ հարաբերություների հարցը պարզաբանել: Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, եւ հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի: Այստեղ կա հարց, թե ինչ ընթացակարգերով պետք է միջադեպը քննության առնվի»-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները, առանց զգուշացման եւ առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել:

Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: