Երկուշաբթի Իրանի հարավ-արեւելքում Քերման նահանգում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդով հերթական երկրաշարժը, հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի Իրանական սեյսմոլոգիական կենտրոնին:

Գործակալության տեղեկություններով՝ նահանգում առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 01.09-ին: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորությամբ:


Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Կիրակի Իրանում տեղի էր ունեցել 3 երկրաշարժ: Դրանցից ամենահզորը Քերմանշահ նահանգում տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երրորդ երկրաշարժն էր, որը զգացվել է նրա գործնականում ամբողջ տարածքում: Արդյունքում 287 մարդ մարմնական վնասվածքներ էր ստացել, 101 շենք ամբողջությամբ ավերվել էր, եւս մոտ 850 շենք վնասվել էր: Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարը հայտնել էր, որ շրջան է ուղարկվել փրկարարների 15 խումբ: