Իրավապահների բացահայտումները, զուտ այսպես ասած նյութական կողմից բացի, վեր են հանում Հայաստանում հաստատված համակարգային իրողությունների մյուս կողմը: Այն վերաբերվում է «ժառանգականությանը». Բացահայտված գործերով արդեն անցնում են ոչ միայն հայրերը, այլեւ նրանց զավակները:

Մաֆիաների պարագայում նույնիսկ սա տարածված երեւույթ չէր, պատմությունից հայտնի է, որ հայտնի մաֆիոզներից շատերը ձգտում էին իրենց երեխաներին հեռու պահել իրենց գործերից, նրանց համար այլ կյանք ստեղծել:

Հայաստանում քրեական օլիգարխիան սերտաճել էր պետական կառավարմանը, եւ բացահայտումներից երեւում է, որ նրանց գործերն էլ փոխանցվում էին իրենց որդիներին՝ պետական լծակներից մինչեւ ստվերային գործունեություն: Դա սովորական փոխանցում չէր, որից հետո ասենք սեփականությունը կարող էր գոնե «լեգիտիմացվել» որդիների դեպքում: Դրա վառ օրինակը Տարոն Մարգարյանն է, ով այդպես էլ չի բացատրում իր սեփականության ծագումնաբանությունը, քանի որ դրա մի մասը ստացել է հորից ու շարունակել նրա ցեղանպաստ գործը:

Երկու տասնամյակի ընթացքում քրեա-օլիգարխիկ կառավարման համակարգը մտել էր լուրջ ճգնաժամի փուլ, որի հաղթահարման համար իշխանությունը գնաց ոչ թե հանրային-պետական կյանքի բարեփոխումների, ինչը նշանակում էր այդ համակարգի ապամոնտաժումը, այլ կառավարման կարգի՝ այսինքն ներքին պայմանավորվածությունների ու վերադասավորումների ճանապարհով:

Սահմանադրության փոփոխությունը եւ խորհրդարանական կառավարման կարգին անցումը ոչ այլ ինչ էր, քան համակարգի վերարտադրման ու «հավերժացման» նոր պայմանագիրը: Ընդ որում, իշխանությունը հանդես եկավ տարբեր նախաձեռնություններով, որոնք կոչված էին վերջնականապես ամրագրել այդ իրողությունները, ապահովել իշխանության «ժառանգականությունը» եւ հանրության կաստայական բաժանումը, երբ ամեն մի կաստա ունենալու էր իր պարտականություններն առանց իրավունքների, բացի արտոնյալ կաստայից՝ իշխող խմբից:

Ավելորդ է ասել, թե սա ինչ հետեւանքներ կունենար Հայաստանի համար: Պատկերացնելու համար բավարար են արդեն իսկ տեղի ունեցած բացահայտումները, որոնց ցնցում են մասշտաբներով ու լկտիությամբ: Նիկոլ Փաշինյանն ասում է, թե դա դեռ վերջը չէ, իրեն ավելին է հայտնի ի պաշտոնե, բայց եղածն արդեն իսկ շոկի է մատնել իրեն:

Եղածն էլ բավարար է, որպեսզի պարզ լինի, որ ապրիլին կանխվել է մի սարսափելի աղետ, որի պատկերը դեռ պարզվելու է առաջիկայում:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am