ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Երեւան-Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, ր 2018 թվականի հուլիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ դիմակավորված եւ զինված անձը Ավանի «Երեւան-Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետից հափշտակություն է կատարել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։


Նախնական տվյալներով՝ հուլիսի 21-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ատրճանակով զինված անձը՝ բժշկական դիմակով, մուտք է գործել Երեւան քաղաքի Հ.Հովհաննիսյան 24/7 հասցեում գործող «Երեւան-Սիթի» սուպերմարկետ եւ, ատրճանակն ուղղելով տարադրամի փոխանակման կետի աշխատակցի եւ ծխախոտների վաճառքի բաժնի աշխատակցուհու ուղղությամբ, նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել է իրեն հանձնել փոխանակման կետում առկա գումարը:

Հափշտակելով տարբեր արտարժույթի խոշոր չափերով գումարը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դիմել է փախուստի։

Դեպքի առթիվ 21.07.2018թ. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով։ Մշակվել է քննչական պլան, եւ իրականացվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։