«Ժամանակ» թերթը գրում է. «Կատարած չարաշահումների կասկածանքով հուլիսի 19-ին ձերբակալվել էին «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը (որը Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանի հարազատ եղբայրն է) եւ պահեստապետ Վահագն Նալբանդյանը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով` ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել եւ բազմաթիվ չարաշահումներ բացահայտել ոչ միայն ՊՈԱԿ-ում, այլեւ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում, որի պետի պաշտոնը մինչեւ քաղաքապետ դառնալը զբաղեցնում էր Արամ Հարությունյանը:


Մեր տեղեկություններով` այս օրերին Վարդենիսի քաղաքապետը անցել է ընդհատակ: Նա չի ներկայանում աշխատանքի եւ շրջում է անծանոթ համարանիշներով ավտոմեքենաներով` ենթադրելով, որ ոստիկանությունը մի օր էլ իր հետեւից է գալու: Վերջինիս մտավախությունն ունի հիմնավոր պատճառներ ոչ միայն ՍԱՏԳ-ում գործունեության առումով: Արամ Հարությունյանը քաղաքապետ աշխատած կարճ ժամանակահատվածում հասցրել է վաճառել քաղաքի բոլոր ազատ տարածքները, ինչպես նաեւ տարաբնույթ «լավություններ» է արել իր ողջ ազգուտակին:

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` քաղաքապետի ազգականներից մեկը` բռնաբարության համար դատապարտված Ռոմա Մինասյանը, քաղաքի միակ զբոսայգում սրճարանի անվան տակ հսկայածավալ կապիտալ շինարարություն է սկսել:

Ի դեպ, շինարարությունը կատարվում է հենց Վարդենիսի ԱԱԾ շենքի դիմաց. քաղաքապետն ու իր ազգականը մտահոգվելու բան չունեն, քանի որ ԱԱԾ աշխատակից Ռաֆիկ Բոխյանը տվել է իր «դաբրոն»: Նշենք, որ վերջինս, Ռոմա Մինասյանը եւ Արամ Հարությունյանը նույն թիմից են, եւ նրանց անունները կապվում են նորատուսցի քրեական հեղինակություն եղբայրների` Ալիկ եւ Արա Բանդուրյանների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում