Վաղը մեկնում եմ Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ֆորմատ): Այս մասին Facebook-ի իր էջում գտրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, գրել է.


«Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում եւ այս հարցը լուծված է նաեւ դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը:

Բայց ԵՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին եւ վարչապետների խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել եւ ֆորմատը կաթվածահար կլիներ:

Քանի որ դեռեւս «Թավշյա հեղափոխության» օրերին հայտարարել եմ, որ ԵՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում»,-գրել է նա: