Աթենքի մերձակայքում բռնկված աղետալի անտառային հրդեհներից հետո Հունաստանի մայրաքաղաքը դեռ շոկի մեջ է: NEWS.am-ը զրուցել է այդ սարսափների ականատես Սերգեյի հետ, ով նոր մանրամասներ է պատմել տեղի ունեցածից եւ այս պահին քաղաքում տիրող իրավիճակի մասին:

Նշենք, որ վերջին տվյալներով, զոհերի թիվը 79 է, հիվանդանոցներում է գտնվում 186 մարդ՝ տարբեր այրվածքներով, այդ թվում երեխաներ ու ծերեր: Տասնյակ մարդիկ անգիտակից վիճակում են, միացված արհեստական շնչառության սարքին: Կան անհետ կորածներ, որոնց համար Twitter-ում հատում էջ է բացվել, որպեսզի մարդիկ կարողանան գտնել իրար: Մասնավորապես, մի մարդ հեռուստացույցով տեսել է, որ նավով փրկել են իր փոքր դուստրերին, սակայն արդեն երրորդ օրն է չի կարողանում գտնել նրանց:

 Ինչպես ամեն ինչ սկսվեց. «մեղավորը» նաեւ քամին էր

Ընդհանուր առմամբ, Աթենքի արվարձանում մի քանի ավաններ ամբողջությամբ այրվել են, ամենաշատը տուժել է Մատի ավանը, որն ամբողջությամբ մոխրացել է:

Ականատեսը մեզ հետ զրույցում պատմեց, որ կրակը բռնկվել է Աթենքի Պենդելի թաղամասից, տարածվել Նեա Վուձա ավանում, ապա հասել Մատի ավան: «Քամին շատ ուժեղ է եղել՝ 9 բոֆոր, որն էլ արագ տարածել է կրակը այն աստիճան, որ մարդիկ չեն հասցրել փախչել:

Մարդիկ մոխրացել են տներում, ճանապարհներին ու անգամ ծովում

Մարդիկ, որոնք փորձել են փախչել դեպի ծովը, ծխից խեղդվել են ու մնացել ճանապարհին, որտեղ էլ մոխրացել են: Ճանապարհները խցանվել են, մարդիկ նաեւ մեքենայում են այրվել, կամ մեքենայից իջել են ու այրվել են ոտքով փախչելիս»,-պատմեց Սերգեյը:

 

Իսկ ամենաողբերգական դեպքը 26 հոգուց բաղկացած խմբի հետ կատարվածն է. «26 հոգանոց մի խումբ՝ հարեւաններով, փորձել է փախչելով փրկվել, սակայն կորցրել են ուղղությունը, դուրս են եկել ժայռերի գլխին, փորձել են հետ վազել դեպի ծովը, բայց կրակը փակել է ճանապարհը: Ծուղակում հայտնված մարդիկ անհույս վիճակում փաթաթվել են իրար ու այդպես մոխրացել:

Մարդիկ նաեւ ծովի մեջ են այրվել: Քանի որ քամին կրակի քշել է դեպի ծով, մարդիկ ստիպված են եղել խորանալ ու մի մասը խեղդվել է: Շատերը մի քանի ժամ անցկացրել են բառիս բուն իմաստով ջրի տակ, քանի որ եթե բարձրացրել են գլուխները, կրակը այրել է»:

 

Սերգեյը նշեց, որ ձկնորսները իրենց նավերով փրկել են շատերին, այդ թվում երեխաներին:

Ինչ է կատարվում Աթենքում այսօր

Այս պահին Աթենքում ով հնարավորություն ունի առաջարկում է իր տունը տրամադրել փրկված անձանց, որոնք մնացել են անտուն, անսնունդ, առանց հագուստի: «Մի քանի մեծ խանութներ առաջարկել են ձրի սնունդ ու ջուր տրամադրել տուժածներին: Բացի այդ, կամավորական խմբեր են գնացել տուժած շրջաններ: Կամավոր բժշիկներ են աշխատում: Քաղաքում արյուն հանձնելու կետեր են բացվել. տեղի հայերը եւս արյուն են հանձնում»:

 

Ներկայումս տուժած շրջաններում ամայի է, միայն իրավապահները հսկողություն են սահմանել, որ դիակապտություն չլինեի: Նախօրեին 4 հոգանոց խումբ են բռնել, որոնք թալանով են զբաղվել այդ տարածքում. նրանք ներկայումս ձերբակալված են:

Տուժածների մի մասը գոհ է, մյուս մասը նշում է, որ ոչ մի օգնություն իրենց չի հասել, դրա պատճառով շատերը չեն փրկվել. «Շատերը ժայռից ցած են նետվել, որ փրկվեն կրակից, կոտրվածքներ են ստացել, բայց օգնությունն ուշացել է:

 

Հիմա տուժած շրջաններում փնտրում են անհետ կորածներին, փնտրում են նաեւ ջրի մեջ՝ ջրասուզակներով:

Երկրում եռօրյա սուգ է հայտարարված: Երկրի նախագահն ու մյուս ղեկավարները շրջում են հիվանդանոցներով: