ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը «իրավական սյուռռեալիզմ» է համարում:

«Կանչել են ինձ վկայի կարգավիճակով, բայց հենց քննիչի առաջին նախադասությունը հետեւյալն էր՝ կարգավիճակը փոխում են եւ իմ նկատմամբ մեղադրանք են առաջադրում։ Ըստ էության, հարցաքննությունը եղել է մեղադրյալի կարգավիճակով»,- «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը մեղադրվում է այն նույն հոդվածով, որով մեղադրվում է պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:


«Ես՝ իբրեւ գործող նախագահ, սահմանադրական կարգի կրողն էի, երաշխավորողը եւ ես ինքս ինձ տապալե՞լ եմ տարօրինակ ձեւով, որին մասնակցել է բանակի վերնախա՞վը: Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունն արվել է հենց ընդդիմության կողմից, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ովքեր հայտարարում էին, որ պետք է կազմալուծեն պետական համակարգը:

Թե սահմանադրական ի՞նչ կարգ ենք մենք տապալել… Մարդ հիվանդ երեւակայություն պետք է ունենա, թե ենթադրի, որ սա հնարավոր մի բան է: Իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը»,- ասաց Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ի նախագահական ընտրություններից դեռ երկու շաբաթ առաջ էր հայտարարում, որ ընտրվել է. «Չի ճանաչվում Սահմանադրական դատարանի որոշումը, 2008-ի ընտրությունների արդյունքները, լայն զանգվածների տրամադրությունները փորձում են տեղափոխել իրավական դաշտ, եւ ստացվում է, որ 21.5 տոկոս հավաքած Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթել է 2008թ.-ի ընտրություններին: Սա իրականությունից շատ հեռու է, սա քաղաքական հետապնդում է, վենդետա՝ թավշյա հեղափոխության, սիրո ու համերաշխության… Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այդպիսի շինծու քրեական գործ ստեղծել»,- ընդգծեց երկրորդ նախագահն ու հավելեց. «Կուստուրիցան երեւի կերազեր՝ այս որոշման մակարդակի երեւակայություն ունենար իր ֆիլմերը նկարելիս»:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում այսօր Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են տեղի ունեցել: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան։ Այս պահին դատարանում ընդմիջում է հայտարարվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ծանուցված չէ նիստի մասին։