Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս քայլը։ Աննախադեպ բա՞ն տեղի ունեցավ։

Այո։ Այս առումով, իշխանության քաղաքական կամքը մինչ այժմ կոծկված, անպատիժ մնացած հանցագործություն կատարած երկրի բարձրագույն դեմքերին բացահայտելու, ուղղակիորեն զարմացնում է և հիացնում։ Իհարկե, ուզում եմ հավատալ, որ այս ամենը կես ճանապարհին չի մնա և իր տրամաբանական ավարտին կհասնի։ Եվ ոչ թե ուզում եմ խախտել անմեղության կանխավարկածը, պարզապես սա այնպիսի դեպքերի մասին է, երբ գրեթե ամեն ինչ պարզ է, այդ թվում և իրականացված քննության և փաստահավաք խմբի զեկույցների և տրված վկայությունների արդյունքում։ Հետևաբար, այս կտրվածքով իշխանությունը եթե կես ճանապարհին կանգ առնի, բնականաբար, մեծ հիասթափություն կպատճառի հանրությանը։

Իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, խոսելով նոր իշխանությունների մասին, հեգնում է, ասում, որ այս իշխանությունը փողոց փակելով եկավ իշխանության և հիմա իրեն ուզում են կալանավորել, որ հանկարծ քաղաքականության մեջ դերակատարություն չունենա՝ իրեն վերագրելով բոլոր հաջողությունները թե Ղարաբաղի խնդրի հետ կապված, թե նաև տնտեսական ոլորտում։

Իսկ Քոչարյանն ասե՞լ է, թե այդ տնտեսական աճն ում գրպանն է գնացել և ինչու է լռում, որ այդ տնտեսական աճի արդյունքում իր կարողությունները հազարապատիկ անգամ բազմապատկվել են այն դեպքում, երբ նա Հայաստան էր եկել բացարձակապես դատարկ գրպանով, ինչպե՞ս պատահեց, որ նա դարձավ Հայաստանի ամենաազդեցիկ, ամենափողատեր մարդկանցից մեկը, և ահա իր կառավարման գնահատականը, որ այդ տնտեսական աճը որևէ մեկը չի զգացել, ինքը պատրանք է ստեղծել, երկիր կեղտոտ և անօրինական փողեր է մտցրել և այդ ամբողջն ուղղակի գրպանել։ Ահա և իր ապահոված տնտեսական աճի հետևանքները։

Ակնհայտ է, որ Քոչարյանը գիտակցում է իրեն առաջադրված մեղադրանքի լրջությունը, տեսնում է իշխանության վճռականությունը՝ բացահայտելու իր կողմից կոծկված և իր կողմից կատարված հանցագործությունները։ Այս կտրվածքով փորձում է ուղղակի իր համար քաղաքական կերպար ստեղծել, բայց դա շատ ծիծաղելի է, որովհետև որքան էլ տասը տարիների ընթացքում նա փորձեց վերաշարադրել պատմությունը, միևնույն է, չհաջողվեց, ինչպես և չի հաջողվել որևէ մեկին։ Ես հիշում եմ, որ նրա օրոք պաշտոնական միջոցառումների ժամանակ, կլիներ բանակի տոն, թե այլ բան, փորձում էին վերախմբագրել պատմությունը, բայց չստացվեց։ Փորձում էր արցախյան ազատամարտի կադրերում իրեն դնել, իրեն ներկայացնել, բայց չկար նման բան։ Այս կտրվածքով թող որևէ մեկը ժողովրդի հավաքական հաղթանակը չսեփականաշնորհի, առավել ևս ինքը։ Պարզապես այդ կերպարն իրեն պետք է հասարակության մեջ այսպես ասած ափսոսանքի և աջակցության արժանանալու համար, դրա համար է քաղաքական հետապնդվողի, հերոսի և պետություն կառուցողի կերպար ուզում ստեղծել։ Եթե դա նույնիսկ այդպես էլ լիներ, միևնույն է, չէին կարող ալիբի լինել նրան պատասխանատվությունից ազատելու համար։ Բայց հանուն արդարության, ոչ միայն կեղծիք է այն, ինչ նա է ասում, այլ ուղղակի ասվածը որևէ կերպ չի կարող ստվերել նրա դերակատարումը ժողովրդի դեմ կատարած այդ հանցագործությունների համար։

Նա նաև ասել է, որ սա վտանգավոր պահ է հենց երկրի համար։ Ռումբ է՝ դրված մեր պետականության տակ և որ կալանավորումից հետո էլ կշարունակի պայքարել հանուն արդարության։

Նա ուզում է ցույց տալ այդ վճռական տղամարդու կերպարը, բայց այդ կերպարին արդեն որևէ մեկը չի հավատում։ Իր իրավունքն է, նա պնդում է, որ իրեն արդարացնելու տեղ ունի, թող անի, բայց ակնհայտորեն նրա գնացքն արդեն վաղուց գնացել է։ Եվ անցած տասը տարվա ընթացքում նրա ստվերային բոլոր խաղերը տապալվեցին, չեմ կարծում, թե բանտից նրա պայքարը որևէ մեկին հետաքրքիր է կամ որևէ մեկը ուղղակի նրա հետ լուրջ հույսեր կփայփայի և կդառնա գործիք նրա ձեռքին։ Մենք անգամ այս օրերին ենք տեսնում, թե ինչպես է փլուզվում Սերժ Սարգսյանի թիմը, թե ինչպես են տարբեր մարդիկ, այդ թվում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հիասթափություն արտահայտում և գնում։ Նրանց հենարանը միշտ դա է եղել, և նրանք այսօր մենակ են։ Եվ այսօր Քոչարյանը ուղղակի հայտնվել է միայնակ գայլի կարգավիճակում, որն անկյուն է մղված և ոռնում է։

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում նաև նշել է, որ նախորդ իշխանություններն էլ են իրեն քննադատել, ինքը որևէ լրատվամիջոց չի ունեցել, որ ինքը այդ տարիների ընթացքում ընդամենը երկու անգամ է հանդիպել Սերժ Սարգսյանին։ Ըստ էության՝ նա հաստատե՞ց այս տարիներին առկա լարվածությունն ու հակասությունը իր և Սերժ Սարգսյանի միջև։

Քոչարյանի օրոք մամուլի վիճակն այնքան հայտնի է եղել բոլորին, այնպես որ թող միամիտ լսարան գտնի այդ հեքիաթները պատմելու համար։ Տասը տարիների ընթացքում ինքն է պատվերներ իջեցրել նախագահականից և իր ենթակաները, աշխատակազմի ղեկավարները և այլն, նրանք են պատվերներ տվել բոլորի դեմ, կեղտոտ հրապարակումներ, արշավներ սանձազերծել։ Անցած տասը տարիների ընթացքում ինքն իրեն ենթակա լրատվամիջոցներով կլանային բախումներ է իրականացրել, և նա ճշմարտության կեսն է պատմում, ինչպես որ հանրապետականն էր իր ձեռքի տակ եղած լծակներով փորձում կանխել Քոչարյանի միջամտությունը և անգամ վերադարձը իշխանություն, այնպես էլ ինքն էր իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով վարկաբեկում նրանց։ Այնպես որ, այո, այս առումով նա ճիշտ է պատմում, բայց ճշմարտության կեսն է պատմում, բացի այն կեղտոտ պատերազմը, որը ինքը տալիս էր ՀՀԿ-ի հետ իշխանությունը կիսելու և նորից զավթելու համար։

Նա նաև նշեց, որ իր կալանավորումը կուրախացնի Ադրբեջանին։

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից ուրախանալուն, Ադրբեջանում հաստատապես ուրախ կլինեն ամեն մի պակասող կամ ազատազրկվող հայի համար։ Այնպես որ, իր արյունը հաստատապես ավելի կարմիր չէ մնացած հայերից, և ինքը թող իրեն չմեծարի, ինքնամեծարումը այնքան էլ լավ հետևությունների տեղիք չի տալիս։

Նյութի աղբյուրը՝ Lragir.am