Հայաստանում բոլորը պետք է ունենան արդար դատաքննության իրավունք, անկախ անձանցից, անկախ որևէ այլ հատկանիշից: Այս մասին «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է ակնկալել արդար դատաքննություն՝ ասել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Մենք պարտավոր ենք երաշխավորել և ապահովել արդար դատաքննության իրավունքը՝ իր բոլոր էլեմենտներով ու բաղադրատարրերով, բոլորի համար»,-ասել է նա:


Հարցին, թե ՍԴ որոշման մասին խոսելով՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այդ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը պետք է չեղյալ համարվի, Արտակ Զեյնալյանը պատասխանե է. «ՍԴ որոշումը չէր վերաբերում կոնկրետ այն մեղադրանքին, որ առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանին: Դա վերաբերում էր ընտրության արդյունքներին: ՍԴ որոշմամբ դեպքերին գնահատական չի տրվել»,-ասաց նախարարը:

Զեյնալյանը նշել է, որ «Մարտի 1-ի» գործի վերաբացման ընթացքին չի հետևում, այն իր ենթակայության տակ չէ, և տեղյակ է այնքանով, որքանով որ մամուլն է հրապարակում. «Դրանից ավել որեւէ մեկն իրավունք չունի իմանալ այս պահի դրությամբ»:

«Մենք պարտավոր ենք ապահովել եւ երաշխավորել արդար դատաքննության իրավունքը իր բոլոր էլեմենտներով ու բաղադրատարրերով»,-ասել է Արտակ Զեյնալյանը: