Գուցե հարցս հռետորական հնչի, բայց պիտի բարձրաձայնեմ․ ո՞վ է ձեզ իրավունք տվել վաճառել մարտի մեկի զոհերին․․․ Խոսքս վերաբերվում է այն քաղաքական գործիչներին, անհատներին, ովքեր ասում են՝ «ավելի լավ չի՞ Քոչարյանին նստացնելու փոխարեն 10 մլրդ․ փրկագին ուզեն, արտաքին պարտքն էլ կփակենք»։

Մարդիկ, դուք ձեզ տե՞ր չեք զգում, մեր զոհերի տերը, դուք ձեզ չե՞ք դնում նրանց հարազատների տեղը։

Եթե դնեիք, վաճառքի չէիք հանի նրանց կորուսյալ ու չվայելած գարունները, եթե զգայիք նման հանդարտությամբ վաճառքի չէիք հանի զոհերին։

Ցավալին այն է, որ մարդիկ հանգստությամբ դա ընդունում են ու մարտի 1-ի գործով կալանավորված Քոչարյանի փողի չափն են որոշում, թե որքանով կարելի է ազատություն տալ նրան։ Կհասկանայի, եթե այդ փողը այլ մասով ուզեիք։ Աստված չանի, դուք փող կուզեի՞ք ձեր որդուն սպանած մարդուց, որ նա հայտնվեր ազատության մեջ։ Եթե ոչ, զոհերը ձե՞րը չեք համարում։ Ուզում եմ հասկանալ։ Առևտու՞ր եք անում։ Ներող կլինեք, բայց բարոյականության սահմաններ կան, որոնք խախտելու դեպքում կորցնում ենք մեր դեմքը։

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյութը` Hraparak.am