ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում զավեշտ ու խայտառակություն է համարել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի փաստարկները 0038 գաղտնի հրամանի, Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի եւ անձեռնմխելիության իրավունքի մասին:

Հնարավոր է: Ընդհանրապես, կարծիքները, տեսակետներն ու գնահատականները մարտի 1-ի գործի ու Քոչարյանի կալանավորման վերաբերյալ տարբեր են ու հիմնականում բեւեռացված՝ արդարադատությունից մինչեւ հաշվեհարդար:

Երեւի այլ կերպ չէր էլ կարող լինել, հաշվի առնելով թե այդ ողբերգության մասշտաբն ու հետեւանքները, թե երկու տասնամյակ շարունակ իրավական համակարգի դեգրադացիան Հայաստանում:

Մյուս կողմից, հարցեր են առաջանում, թե ինչու ՀՀԿ բացարձակ իշխանության պայմաններում 10 տարի չի բացահայտվել այդ գործը, ինչու 0038 հրամանը խնամքով թաքցվել է 10 տարի ու չի կցվել գործին որպես կարեւորագույն դետալ: Ինչու 10 տարի անց Ռոբերտ Քոչարյանն ասում է, թե չգիտե՝ մարդկանց վրա ովքեր են կրակել, որտեղ են կրակել եւ այլն:

Չբացահայտումն անգործության արդյո՞ւնք էր, թե դիտավորություն: Ուզել են ու չե՞ն ցանկացել: Ի՞նչ պատճառով՝ ներքի՞ն, թե արտաքին:

Այս բոլոր տարբերակներն էլ վկայում են շատ բանի մասին, առավել եւս, եթե նկատի առնենք, որ դրանց տակ ավելի շատ քաղաքական պատճառներ են, քան իրավական:

Զավեշտն ու ողբերգությունն այստեղ էր, եւ հիմա հնձելու ժամանակն է այն, ինչ ցանվել է, առնվազն: Մինչեւ իրավական գործընթաց:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am