Խաչատրյան քույրերին, որոնց կասկածում են Մոսկվայում իրենց հորը սպանելու մեջ, ժամանակվոր պահման քննչական մեկուսարանում իրարից բաժանել են՝ տարբեր խցեր տանելով, հիմա նրանք կարանտինում են: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայի Հասարակական դիտորդական հանձնաժողովի քարտուղար Իվան Մելնիկովը:

«Աղջիկները թիվ 6 մեկուսարանում են: Բերելուն պես նրանց տեղավորել են տարբեր խցերում, ներկա պահին կարանտինի փուլն են անցնում: Աղջիկներից ավագը եւ կրտսերը մենախցերում են, միջնեկը երկու խցակից ունի: Նրանց համար ապահովվել են ընդհանուր պայմաններ, սակայն մինչեւ հիմա անհրաժեշտ անձնական իրեր չունեն»,- ասել է իրավապաշտպանը:


Նրա խոսքով՝ աղջիկները մինչեւ հիմա շոկի մեջ են ե՛ւ բուն իրավիճակից, ե՛ւ նրանից, որ իրենց բաժանել են իրարից:

«Նրանք անհանգստանում են իրենց, մոր, իրենց մտերիմների համար, որոնց կարող է այս քննությունն առնչվել: Անհրաժեշտ է հասկանալ, որ նրանք մանկությունից միշտ միասին են եղել, եւ հիմա նրանց համար սարսափելի է նման պայմաններում մենակ լինելը»,- նշել է Մելնիկովը:

Իրավապաշտպանը հստակեցրել է, որ ՀԴՀ-ն աղջիկների սպանված հոր գործունեության հետ կապված մեկուսարանի ղեկավարությունը խնդրել է ապահովել նրանց պաշտապնությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Մոսկվայում իր բնակարանի սանդղահարթակում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դին՝ վզի ու կրծքի կտրած-ծակած բազմաթիվ վիրավորումներով։ Տղամարդու երեք դուստրերը վստահեցնում են, որ տղամարդը, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, առաջինն էր հարձակվել նրանց վրա դանակով, ու իրենք ստիպված են եղել պաշտպանվել։

Աղբյուրի տվյալներով, փոքր քույրը, որը դպրոցի 11-րդ դասարանում է սովորում, հորը առնվազն դանակի 35 հարված է հասցրել՝ վզին ու մարմնին։ Երկու մյուս աղջիկներն էլ հարվածել են նրա գլխին։ Որից հետո քույրերից մեկը կրտսեր քրոջից վերցրել է դանակը ու հարվածել հոր սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրը ոստիկանություն է զանգահարել ու պատմել տեղի ունեցածի մասին։

Օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինսկի դատարանը կալանավորել է 19, 18 եւ 17 տարեկան քույրերին: Մինչեւ սեպտեմբերի 28-ը նրանք կալանավորված կմնան: