Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքն ու կալանավորումը իրավական գործընթացին զուգահեռ ծավալվում է այլեւս իբրեւ քաղաքական գործընթաց, անկախ շարժառիթներից, ու հնարավոր է անգամ, որ իբրեւ քաղաքական այն զգալի առավել դինամիկ տեմպով է զարգանում, քան իրավական առումով: Իհարկե, իրավական տեսանկյունից կան դեռեւս գուցե չհրապարակված հանգամանքներ, որոնք սակայն զարգանում են «ներսում» եւ հրապարակումը կարող է փոխել շատ բան, սակայն առայժմ ակնառու է, որ տեղի է ունենում քաղաքական գործընթացի «անկախ» զարգացում:

Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն դառնում է նախկին համակարգի կամ այսպես ասած հին Հայաստանի «մոբիլիզացիոն» կենտրոն կամ մագնիս: Իհարկե նա ձգում է կարծես թե առայժմ ոչ ամբողջ համակարգը, օրինակ Ծառուկյանին, որն ակնհայտորեն տարածություն է պահում Քոչարյանից, շատերի համար նույնիսկ զարմանալի կերպով:

Բայց ներկայում աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանը դարձել է նախկին համակարգի առանցքը, իր վրա կլանելով ավելի ու ավելի մեծ ուշադրություն թե հին, թե նոր Հայաստանից: Քոչարյանը ոչ միայն չի դիմադրում դրան, այլ կարծես թե շարժվում է ընդառաջ: Տեղեկություններ կան, որ երկրորդ նախագահը ձեւավորում է նաեւ իր տեղեկատվական ենթակառուցվածքները, ինչը նշանակում է, որ նա պատրաստվում է տեւական պայքարի: Դա լոկ իրավական պաշտպանության համար է, թե նաեւ քաղաքականություն վերադարձի, դժվար է ասել: Մյուս կողմից, միարժեք չէ, որ «մոբիլիզացիոն» բեւեռի կարգավիճակը Ռոբերտ Քոչարյանի համար հեռանկարային եւ անվտանգ կարգավիճակ է:

Դա կարող է ենթադրել լիովին հակառակը, այսինքն «թակարդ», որտեղ կհայտնվի հին համակարգն արդեն «ոտքով ու գլխով»:

Այդ թակարդում կարող է հայտնվել նաեւ նոր Հայաստանի մի մասը, ի դեմս Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի: Նա անկասկած ունեցել է իր շոշափելի դերակատարումը թավշյա հեղափոխության եւ նախկին իշխանության միջեւ գործընթացի անարյուն, խաղաղ բնույթը պահպանելու հարցում: Միաժամանակ, Արմեն Սարգսյանը նկատելի գործունեություն է ծավալել նոր Հայաստանի գաղափարներն իշխանափոխությունից հետո արտերկրում տարածելու հարցում:

Այդուհանդերձ, այդ Հայաստանում Արմեն Սարգսյանի դերակատարումը օրեցօր հայտնվել է բավական մշուշոտ իրավիճակում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրացմանը զուգահեռ Հայաստանի նախագահի պաշտոնը ավելի ու ավելի է արարողակարգայինի վերածվում: Իսկ խոսքի իշխանությունը, որի մասին Արմեն Սարգսյանը խոսում էր դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահ-վարչապետության շրջանում, եւ որն անկասկած իշխանության ամենաազդեցիկ տարբերակներից է, Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում այդքան էլ կենսունակ լինել չի կարող, պարզապես չի կարող լինել մրցունակ:

Այդ իրավիճակում Արմեն Սարգսյանի առաջ կանգնում է իսկապես լուրջ խնդիր՝ ինչ անել հետո: Առավել եւս, երբ Նիկոլ Փաշինյանն էլ հստակ հայտարարեց, որ չի պատրաստվում գերվարչապետական լիազորություն զիջել գործող նախագահին, քանի որ դա հակասում է խորհրդարանական կառավարման տրամաբանությանը: Ընդ որում, այդ իմաստով Փաշինյանն անշուշտ իրավացի է:

Արմեն Սարգսյանը շաբաթներ առաջ երիտասարդների հետ մի հանդիպմանը խոստովանել էր, որ ծրագրում էր 7 տարվա նախագահություն, բայց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց եւ նախագահությունը տեւեց յոթ օր: Արմեն Սարգսյանը գործոն-նախագահ էր լինելու Սերժ Սարգսյանի համակարգում, կամ պարզապես նախկին համակարգում, երբ երաշխավորը այսպես ասած մեկ անձը կամ համակարգի պոլիտբյուրոն էր, ոչ թե Սահմանադրությունը, քաղաքական մրցակցությունը կամ էլ հեղափոխության առաջնորդը:

Իհարկե վերջին դեպքում էլ նա կարող է դառնալ գործոն-նախագահ, եթե համաձայնի լինել Նիկոլ Փաշինյանի թիմի մի անդամ, թեկուզ առանցքային անդամ, օժանդակելով նրան քաղաքական մարտահրավերներն ու խնդիրները չեզոքացնելու, հարկ եղած դեպքում ուժեր բալանսավորելու հարցում: Բայց, այստեղ ի վերջո ամեն ինչ կախված է Փաշինյանից:

Միեւնույն ժամանակ, Արմեն Սարգսյանը անկասկած չափազանց հարուստ կենսափորձով, նշանակալի եւ միջազգային կալիբրով գործիչ է, նոր Հայաստանում այդպիսի փոքր դեր ստանձնելու համար:

Այս տեսանկյունից նրա ընտրությունը թերեւս ոչ թե Փաշինյանի թիմի մասնակից լինել-չլինելն է, այլ ընդհանրապես Հայաստանում քաղաքական գործոն լինել-չլինելը, դառնալը այդպիսին՝ նաեւ ռազմավարական հեռանկարում իր լուման բերելով այն նոր Հայաստանի հեռանկարներին, որոնց մասին խոսել է իր ամենատարբեր ելույթներում, այդ թվում արտերկրի, թե՞ յոթ տարի ժամանակ անցկացնելն ու դարձյալ Հայաստանից հեռանալը:

Եվ մինչ Արմեն Սարգսյանը կմտորի դրա շուրջ, Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումներն էլ ավելի են նեղացնում նրա այսպես ասած որոշման կամ ընտրության ելակետային պրիզման, առավել ընդգծելով խաղից դուրս դնելու, ակտուալ քաղաքականությունից նրա դուրս մնալու հանգամանքը:

Մյուս կողմից, սակայն, սրանով նաեւ ուրվագծվում է Արմեն Սարգսյանի համար պատեհություն, խաղի մեջ մտնելու կամ ակտիվ ու արդեն «հիմնական կազմի» խաղացող լինելու հեռանկարի մասով: Եթե Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձեւավորում է որոշակի բեւեռ, ապա Հայաստանում առաջանում է որակապես նոր եւ թարմ բեվեռի, ուժի ձեւավորման անհրաժեշտություն, որովհետեւ քոչարյանական բեւեռի ձեւավորումն ու քաղաքական մրցակցությունը Նիկոլ Փաշինյանի եւ այդ բեվեռի շուրջ «կենտրոնացումը» մի կողմից կարող է օգնել թավշյա հեղափոխությանը, մյուս կողմից Հայաստանի համար կնշանակի քաղաքական որոշակի լճացման ռիսկ, եթե հեղափոխության հաղթանակից հետո էլ ընտրություն մնալու է ոչ թե որակապես նորերի, այլ հնի ու նորի միջեւ:

Եվ այստեղ Արմեն Սարգսյանի համար, իհարկե ոչ միայն նրա, բայց առավել եւս նրա համար ստեղծվում է հնարավորություն ներկայանալ որակապես նոր ուժի հայտով, այդ գործին ծառայեցնելով իր իսկապես գնահատելի եւ նշանակալի տնտես-քաղաքական մասշտաբը՝ Հայաստանի համար կարեւոր նորի եւ նորի միջեւ մրցակցություն ձեւավորելու համար:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am