«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 12 մլն դրամով:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետարանի եւ «Սանիթեքի» միջեւ կնքված պայամանգրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության եւ վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից հուլիսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր: Դրանց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» եւ սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել Ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում եւ սահմանված կարգով հուլիսի կատարողականից պահվել է տուգանք՝ 12 մլն դրամի չափով:


«Սանիթեք» ընկերությանը նաեւ զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան եւ պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանագրով սահմանված ավելի կոշտ միջոցներ: