ՀՀԿ պատգամավորները դժգոհ են, որ դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու նրանց միջնորդությունը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ կսպասեն օգոստոսի 9-ին Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը, որից հետո կորոշեն իրենց անելիքը:

Դատարանը քննելու է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը: Եթե մերժի, ի՞նչ է անելու Հանրապետականը, որ ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պաշտպանության դրոշակակրի դերը: Ի՞նչ քայլեր պետք է անի Հանրապետականը, թե դատարանը մերժի կալանքը փոխելու հայցը:

Ըստ երեւույթին, ՀՀԿ-ն անցնելու է արտերկիր, սկսելու է Ռոբերտ Քոչարյանի հարցը տանել միջազգային կառույցներ: Այդպիսով ՀՀԿ-ն անուղղակի հեղինակազրկելու է Քոչարյանին: Բանն այն է, որ տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանն ինքը բավական խրոխտ ու հպարտ կեցվածք էր ընդունում միջազգային կառույցների հանդեպ, հատկապես երբ նրա նախագահության ժամանակաշրջանի ընդդիմությունն այս կամ այն հարցի լուծում էր փորձում փնտրել այդ կառույցների աջակցությամբ: Եվրոպան պոլիտբյուրո չէ, օրինակ մի առիթով հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը: Հայտնի է նաեւ, թե նա ինչպիսի կոշտ պատասխան էր տվել Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի ղեկավար Դանիլովիչին, երբ 2008-ի Մարտի 1-ից հետո առաջացել էր ծրագրի դադարեցման հարց: Իհարկե այս դեպքում խնդիրը մի փոքր այլ էր, բայց դա եւս խոսուն օրինակ էր, թե ինչպես էր Քոչարյանը վերաբերում այդ հանգամանքներին:

Նա անթաքույց արհամարհանք էր դրսեւորում Հայաստանի ներքաղաքական, այսպես ասած ներիրավական հարցերը եվրոպական, միջազգային կառույցներին ներկայացնելու ընդդիմության փորձերի հանդեպ: Ի վերջո հենց այդ ժամանակ շրջանառության մեջ հայտնվեց «դրսից տղա» բերելը, որի համար Քոչարյանն իշխանության դիրքերից մեղադրում էր ընդդիմությանը: Հայտնի է նաեւ «կեղտոտ սպիտակեղենը դուրս չհանելու» ձեւակերպումը:

Ահա այդ պայմաններում ՀՀԿ-ն հայտարարել է, որ պատրաստ է Քոչարյանի հարցը ներկայացնել ընդհուպ միջազգային հարթակներ: Եվ, եթե դատարանը չփոխի խափանման միջոցը, շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ է անելու Հանրապետականը: Որովհետեւ, եթե հարցը ներկայացվի միջազգային հարթակներ, ապա ստացվելու է, որ իր ժամանակի ընդդիմությանը «դրսից տղա» բերելու համար մեղադրող Ռոբերտ Քոչարյանը ինքն է իր խրոխտ դիրքն ու կեցվածքը թողել եւ «դրսից տղա» բերում նոր իշխանության վրա: Ստացվում է, որ նրա համար դուրսը դարձել է «պոլիտբյուրո»:

Այդպիսով, միջազգային հարթակներում ներկայացնելով հարցը, ՀՀԿ-ն պարզապես անհարմար դրության մեջ կդնի Ռոբերտ Քոչարյանին, թերեւս այդպիսով նրան վերադարձնելով այն «անհարմարությունները», որ պատճառել է ՀՀԿ-ին նախորդ տասնամյակում:

Իսկ արտաքին քայլերը քաղաքական պաշտպանության թերեւս միակ ուղղությունն են, որովհետեւ ներքին ակտիվ պաշտպանության հնարավորությունը կարծես թե ընդհանրապես սահմանափակ է: Եթե Հանրապետականը ներսում աշխուժորեն փորձի իրականացնել Ռոբերտ Քոչարյանի իրավա-քաղաքական պաշտպանություն, ապա դրանով թերեւս «սադրելու» է իր հանդեպ հասարակական դժգոհության նոր եւ համարժեք աշխույժ ալիք, այդպիսով նաեւ կամա թե ակամա ցույց տալով, որ իրավացի են նախկին իշխանության հանդեպ ավելի արմատական եւ կոշտ քալերի կոչ անող հանրային որոշակի շերտերը, որոնք կարծում են, թե նոր իշխանությունը չափից դուրս հանդուրժող է այդ հարցում: Հնչում են նույնիսկ կարծիքներ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հենց մայիսին ցրեր խորհրդարանը հրապարակի ուժով:

Իհարկե, այս մոտեցումների իրավացիությունը կամ նպատակահարմարությունը քննարկման հարց է, որովհետեւ իրավիճակը շատ ավելի բարդ է եւ միաժամանակ նուրբ, որքան կարող է թվալ առերեւույթ: Բայց, անելով քայլեր, որոնք կդառնան փաստորեն այդ տեսակետի կրողների հավելյալ փաստարկ, Հանրապետականը կարող է «հեշտացնել» նոր իշխանության որոշակի ավելի կոշտ քայլերը:

ՀՀԿ-ն Քոչարյանի պաշտպանությամբ փորձում է նրան ու նրա շուրջ առկա եւ որոշակիորեն քողարկված ռեսուրսը գցել ծուղակը, բերել իր ենթակայության ներքո: Բայց ՀՀԿ-ն ինքը կարող է հայտնվել իր հնարքի ծուղակում:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am